«Ուսանողական թատրոնում» կայացավ «Սասունցի Դավիթ»-ի պրեմիերան՝ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ում կայացավ
«Սասունցի Դավիթ» ներկայացման առաջնախաղը՝ բեմադրիչ, դերասան,
ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով։
«Սասունցի Դավիթ» ներկայացումը բեմադրվել է Դավիթ Հակոբյանի առաջարկությամբ և նախաձեռնությամբ, որտեղ զբաղված են քոլեջի «Դերասանական արվեստ», «Էստրադային արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները։
«Ինչպես ուսումնական տարվա սկզբում խոստացել էի, մինչև տարեվերջ «Ազնավուր» քոլեջի ուսանողների հետ կանեմ ուսումնական պրոցես՝ կբեմադրեմ ու կնվիրեմ մի ներկայացում։ Ահա այսօր փորձում եմ խոստումս կատարել»,- ներկայացման հանձնում-առաջնախաղից առաջ ասաց Դավիթ Հակոբյանն ու շեշտեց․ «Ցավոք, մեր դահլիճը չունի այն բոլոր տեխնիկական հնարավորությունները, որ ներկայացում դիտելիս հանդիսատեսը այն տեսնի իր բոլոր թատերական հնարքներով և մատուցման ձևերով։ Բայց, այստեղ մեր խնդիրն այլ է, պարզապես ցանկացել ենք ուսանողների հետ անել ուսումնական աշխատանք, նրանց ստիպել, որ մտնեն տուն- տունիկի աշխարհ, որն իմ խորին համոզմամբ՝ թատրոնի հիմքն է։ Այսօր կտեսնեք «Սասունցի Դավիթ» պոեմի բեմականացված մի տարբերակ»,-հստակեցրեց բեմադրիչը։
«Սասունցի Դավիթ» բեմադրությունն արդեն ընդգրկվել է քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի խաղացանկում, առաջիկայում հյուրախաղերով կշրջի Հայաստանի քաղաքներով և՝ ոչ միայն։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Հակոբյանին, այն դժվար, երկար, տանջալից ամիսներ տևած աշխատանքի համար, որը նա հանձն առավ այս ուսումնական տարվա սկզբից»,- ներկայացման դիտման ավարտին ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու հավելեց․ «Նմանատիպ հոգեբանություն և դիվիզ ունեցող ներկայացումների բեմադրությունը շատ կարևոր է և օրհասական՝ յուրաքանչյուր երեխայի դաստիարակման գործում։ Շնորհակալություն Ձեզ պարոն Հակոբյան՝ այդ գործին նվիրվելու համար»,-շեշտեց Վ․Կիրակոսյանը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Անուշիկ Ասատրյանի