Ջազային քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը կդառնար 75 տարեկան
Օրերս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, երաժիշտ, ջազմեն Ակսել Բակունցը՝ Կոկան,
նոյեմբերի 22-ին կդառնար 75 տարեկան։
ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի կառավարման խորհուրդը, հոբելյանական տարվա կապակցությամբ, որոշում է կայացրել ԵՄԱՊՔ-ի դահլիճը, որն այս պահին գտնվում է վերանորոգման փուլում, անվանակոչել Ակսել Բակունցի անվամբ։
Հայաստանում ջազային և էստրադային վոկալ-գործիքային արվեստի հիմնադիր Ակսել Բակունցը, կամ ինչպես ընկերներն էին սիրում նրան անվանել՝ Կոկան, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի բաժնում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները: Հանդիսացել է «Հայհամերգի» միավորման գեղարվեստական ղեկավարը: Եղել է Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից մեկը: Մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում: Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի: Բազմիցս հայ էստրադային արվեստը ներկայացրել է արտերկրում: