ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն
ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» ամենամյա
միջազգային մրցույթում Գրան Պրի մրցանակակիր Մաշա
Մնջոյանին, Մանկական կատարողների մրցույթում 2-րդ մրցանակակիր Անահիտ Գալստյանին՝ Հայաստանի պատվիրակության
ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։
«Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուս տաղանդավոր պատանիների ոև երիտասարդների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին»,- հանդիպմանը ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը շնորհակալություն հայտնելով նախարարին՝ ընդունելության համար, տեղեկացրեց․ «Դեռևս 2017 թվականից, ինչ քոլեջին է տրված մրցույթում հայաստանյան պատվիրակներին ընտրելու և ներկայացնելու բոլոր իրավունքները, 4 տարի անընդմեջ մեր պատվիրակները վերադարձել են 1-ին մրցանակով։ Այս տարի Մաշա Մնջոյանի հաղթանակը պատմական է, քանի որ 30 տարի է Հայաստանը մասնակցում է այս մրցույթին սակայն գլխավոր մրցանակ երբևիցէ չենք ունեցել»։
Նախարարի խոսքով մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրել:
Նախարարի հետ համակարծիք լինելով Վրեժ Կիրակոսյանը հավելեց․ «Մենք աշխարհին մրցունակ ենք մեր մշակույթով և կարող ենք կռվել մշակույթով»։
«Գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ»,-ընդունելության համար շնորհակալություն հայտնելով նախարարին Մաշա Մնջոյանը հավելեց․ «Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ»:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ոլորտի զարգացմանը:
«Շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Մատինյանի