«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները հայտնի են
Այսօր՝
մարտի 25-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական
քոլեջում, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր
մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։
Երկու տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 6 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրեց մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։
Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի «Սլավյանսկի բազար 2023» 22-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով ժյուրիին ներկայացավ նախ Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով։
Ժյուրիի կազմը նախագահում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, իսկ ժյուրիի անդամներն էին՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով հանդիսանում է «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, երգիչ, Շ․Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը։
Ավարտին, բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի՝ մասնակցության համար։
Իսկ «Սլավյանսկի բազար 2023» 32-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։
«Հայաստանյան կազմկոմիտեն երկարատև քննարկումներից հետո եկավ այն եզրակացության, որ այս տարի երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակին ընտրել առանց մրցույթի։ Ինչ խոսք, թեկնածուները մի քանիսն էին, սակայն մեր բոլորի ընտրությունը կանգ առավ Սյուզաննա Մելքոնյանի անվան վրա՝ հաշվի առնելով նրա ունեցած տվյալներն ու երգարվեստում նրա կերտած կարիերան»,- մրցույթի ավարտին բեմահարթակից բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնելով ասաց ժյուրիի անդամ, մրցույթ հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը և հույս հայտնեց, որ այս տարվա ժյուրի կողմից ընտրված մասնակիցների համար նաև ուրախ կլինի հայ հասարակությունը։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի