«Սերգեյ Փարաջանով 100»․ մեծանուն կինոռեժիսորին նվիրված նոր ներկայացում «Ուսանողական թատրոնում»
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնում» տեղի ունեցավ պարային երաժշտական
ներկայացում՝ նվիրված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով» վերնագրված բեմադրության ընթացքում ներկայացվում են դրվագներ և կենսագրական մանրամասներ Սերգեյ Փարաջանովի կյանքից։
Քոլեջի դասախոս Յանա Գաբրիելյանի ռեժիսուրայով բեմադրված ներկայացման ընթացքում կենսագրական մանրամասներն ընդմիջվում են Փարաջանովի ֆիլմերից և հարցազրույցներից հատվածներով։
Ներկայացման ընթացքում ցուցադրվում են քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների պատրաստած կոլաժներն ու Փարաջանովի ոճով ձևավորված գլխարկները, դասախոս Եվգենյա Համբարձումյանի աջակցությամբ։
Իսկ պարային համարներում մասնակցում են՝ «Պարարվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Սաթենիկ Ավետիսյանի բեմադրությամբ։
Սերգեյ Փարաջանովի կերպարում հանդես
է գալիս «Դերասանական արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մրազ Չոլոյանը։
Ներկայացումն արդեն ընդգրկվել է քոլեջի «Ուսանողական թատրոնի» խաղացանկում և նախատեսվում է առաջիկայում շրջագայել հանրապետության տարբեր հանրակրթական հաստատություններում և մշակույթի կենտրոններում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի:
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․
Ներկայացման տեսագրությունը դիտեք այստեղ