Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի այցը՝ «Ազնավուր» քոլեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների համար կայացավ հերթական բացառիկ հանդիպումը։ Վարպետության դաս-հանդիպման շրջանակում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս, լեգենդար մաեստրո Հովհաննես Չեքիջյանը «Ազնավուր» քոլեջում էր։
Մինչ լեգենդար մաեստրոն կժամաներ քոլեջ, ուսանողները հնարավորություն ունեցան դիտելու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի ուսանող, նախագծի հեղինակ և պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի «Եվ եկավ Հովհաննեսը», մաեստրոյի կյանքին և ստեղծագործությանը նվիրված ֆիլմը։ Իսկ մինչ ֆիլմի դիտումը, Լիլիթը փոքրիկ զրույցի միջոցով քոլեջի ուսանողներին ներկայացրեց, որպես ուսանող ֆիլմի նկարահանման ընթացքում ունեցած բարդությունների մասին։ Ինչպես նաև շեշտեց, թե որքան հեշտ, բայց միևնույն ժամանակ որքան պատասխանատվությամբ է աշխատել մաեստրոյի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում։
Ֆիլմի ավարտին ուսանողները ծափերով դիմավորեցին լեգենդար մաեստրոյի մուտքը «Ազնավուր» քոլեջ, որին հաջորդեց քոլեջի երգչախմբի մի քանի կատարումները, խմբավարության դասախոս Շահե Քեշիշէանի ղեկավարությամբ։ Իսկ մաեստրոն «Ազնավուրականների» կատարումներն ունկնդրում էր հիացական հայացքով։ Քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Ալբերտյանի կատարմամբ Շ․Ազնավուրի «Ավե Մարիա» գործը վայելելուց հետո մաեստրոն ասաց․ «Բրավո, ես ուզում եմ հաբուրել քո ճակատը»։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Կարեն Նահապետյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․