«Արմմոնո» հուշամեդալ և մասնակցության դիպլոմ․ քոլեջը փառատոնին մասնակցեց «Աղավնի» մոնոներկայացումով
Ապրիլի 17-ից մայիսի 3-ը, բավականին հագեցած ծրագրով Երևանում տեղի ունեցավ «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը։ Առաջին անգամ փառատոնի շրջանակում, որպես դեբյուտային ներկայացում, հանդես եկավ նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնը»՝ Լևոն Մութաֆյանի «Աղավնի» պիեսի բեմադրությամբ։
Մոնոներկայացումը
պատմում է Ասորեստանի Շամիրամ Թագուհու սիրո պատմությունը՝ Արա Գեղեցիկի հանդեպ։ Պիեսում
նկարագրված է Շամիրամի վերջին գիշերը զնդանում և նրա հոգեկան վիճակը։
Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Մանուկյանի դերակատարմամբ «Աղավնի» մոնոներկայացումը բեմադրել է «Մշակույթի ամբիոն»-ի դասախոս Անահիտ Մազմանյանը:
Ներկայացման ավարտին «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փառատոնի մասնակցության դիպլոմով պարգևատրեց Շամիրամ Թագուհու կերպարը մարմնավորած քոլեջի ուսանողուհի Ռոզա Մանուկյանին։ Իսկ «Արմմոնո» հուշամեդալի արժանացրեց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին՝ քոլեջում արվեստով վարակված հրաշալի սերունդներ տալու համար։
Մի քանի անվանի հյուրերից բացի ներկայացումը դիտելու էին եկել նաև Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտները՝ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նադիա Բաննահյանի ուղեկցությամբ։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․