«Ազնավուր» քոլեջի մասնագիտական կազմը վարպետաց դասեր վարեց Հրազդանի Ե․Քոչարի արվեստի դպրոցում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
մասնագիտական կազմը վարպետության դասեր վարեց Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի
դպրոցում։ Հանդիպման ընթացքում քոլեջի և արվեստի դպրոցի համանման՝ «Դերասանական արվեստ»,
«Երգեցողություն», «Պարարվեստ», «Գործիքային կատարողական արվեստ», «Նկարչական արվեստ»
մասնագիտական դասարաններում սովորող աշակերտների հետ «Ազնավուր» քոլեջի դասախոսները
վարեցին պրակտիկ դաս։
Վարպետության դասերն ընթացան զուգահեռ դասարաններում, Երվանդ Քոչարի
անվան արվեստի դպրոցի յուրաքանչյուր դասասենյակում մի յուրօրինակ դասապրոցես էր։
Դպրոցի ակադեմիական և ժողովրդական երգեցողություն դասարաններում սովորող աշակերտների հետ վարպետության դասեր վարեցին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երաժշտության գծով տնօրենի տեղակալ Տիգրան Կարապետյանը և Քոլեջի Նադեժդա Սարգսյանի անվան «Երգեցողության ամբիոն»-ի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը։
Անգամ դպրոցի նախասրահը վերածվել էր նկարչական դասարանի, որտեղ քոլեջի «Արվեստի ամբիոն»-ի ռեստավրացիոն մասի պատասխանատու-դասախոս Սամվել Ենոքյանը վարպետության դաս էր վարում նկարչական արվեստ դասարանում սովորող աշակերտների հետ:
Իսկ Պարարվեստի դասարանում բոլորն ակտիվ էին ու ռիթմիկ էներգիայով լցված, քանի որ աշակերտները շուրջ մեկ ժամ ուսումնասիրեցին ժամանակակից պարի տեխնիկան ու սովորեցին կարևոր շարժումներ՝ քոլեջի դասախոս, պարուհի Աննա Հակոբյանի վարպետությամբ։
Դաշնամուրային և տեսաբանության դասարաններում սովորող աշակերտների համար վարպետաց դասեր վարեցին քոլեջի դասախոսներ դաշնակահար Մարիամ Ներսիսյանը և տեսաբան Նինա Բուդաղյանը:
Մինչ դասարաններում ընթանում էին վարպետաց դասերը, դպրոցի թատերարվեստ դասարանի աշակերտները դահլիճում խաղում էին Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ թատերականացված բեմադրությամբ։ Իսկ ավարտին քոլեջի «Ուսանողական թատրոն»-ի ղեկավար Համլետ Թադևոսյանը և «Մշակույթի ամբիոն»-ի դասախոս, դերասանուհի Սեդա Հունանյանը աշակերտների հետ կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով։
Աշակերտների հետ մասնագիտական վարպետության դաս-հանդիպումը և ուսուցիչների հետ փորձի փոխանակումը կայացավ «Ազնավուր» քոլեջ-Քոչարի անվան արվեստի դպրոց համատեղ կնքած հուշագրի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Ավետիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․