«Ազնավուր» քոլեջի ուսանողուհին երկու միջազգային մրցույթներից վերադարձել է գլխավոր մրցանակներով
Նախորդ տարեվերջին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Խաչատրյանը երկու հեղինակավոր մրցույթներից Հայաստան է վերադարձել մրցանակներով։ Սյուզաննան Մոսկվայում կայացած «Արտ Պանորամա 2023» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա ստեղծագործական միջազգային մրցույթ-փառատոնում կատարել է հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը և 14-17 տարեկանների խմբում արժանացել է առաջին մրցանակի։
«Արտ Պանորամա-2023 ամենամյա մրցույթին մասնակցում էր 15 պետություն, այդ թվում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ փաստն ինձ ավելի ուժ տվեց, ու ինքս ինձ ասացի, որ ես պիտի այնպես կատարեմ ու ներկայացնեմ ստեղծագործությունը, որ հաղթանակ բերեմ իմ երկրին։ Ես ուզում էի այդ հաղթանակով ցույց տալ, որ մենք որպես հայ մեր մշակույթով միշտ հաղթում ենք։ Եվ, այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում պատմեց 16-ամյա Սյուզաննան և մտաբերեց․ «Իմ կատարումը հուզել էր ոչ միայն հանդիսականին, այլ նաև ժյուրիի անդամներին։ Մրցույթի ժյուրիի նախագահ Գլեբ Լապիտսկին և Լյուդմիլա Վասելեևնան իմ կատարումից հետո հոտնկայիս ծափահարում էին։ Հետո կուլիսներում Լյուդմիլա Վասլեևնան մոտեցավ ինձ ու հուզված ասաց․ «Ճիշտ է, ես հայ չեմ, բայց քո կատարումով ինձ ստիպեցիր, որ մտածեմ հայի նման, հասկանամ՝ թե հայերը որքան կարևոր ազգ են»։ Իսկ ժյուրիի նախագահ Գլեբ Լապիտսկին էլ շնորհակալություն հայտնելով իմ վոկալի մասնագետներին ասաց․ «Նայում ենք 16 տարեկան աղջնակ է, բայց նա իր տաղանդով այնպես է զարմացնում մարդկանց, որ եթե աչքերդ փակ լսես չես մտածի որ փոքր աղջիկ է»։ Ինձ համար մեծ պատիվ էր լսել այս խոսքերը ու ես երջանիկ էի, որ կարողացա իմ կատարումով հուզել և ոգևորել ժյուրիի անդամներին»։
Ի դեպ, Սյուզաննայի կատարումն այնքան է գրավել մրցույթի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին, որ որոշում են կայացրել մրցանակաբաշխության օրը նույնպես Սյուզաննայի կատարմամբ պետք է հնչի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը։
«Մրցանակաբաշխության օրը, յուրաքանչյուր պատվիրակություն պետք է ներկայացներ իր ազգային մշակույթը բնորոշող կատարում։ Մենք էլ պատրաստվել էինք ներկայանալ մի լավագույն համարով և ելույթից առաջ պարզում եմ, որ ծրագրում նշված է «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը։ Երբ զարմացած հարցրեցի նրանք պատասխանեցին՝ քո կատարումն այնքան հզոր էր ու գեղեցիկ, որ ժյուրիի կազմը որոշել է, որ հենց այս կատարումը պետք է հնչի մրցանակաբաշխության ժամանակ։ Եվ, իսկապես, այդ օրն էլ կատարման ժամանակ նկատեցի թե իմ կատարմամբ ինչպես եմ հուզել հանդիսատեսին՝ դիպչելով նրանց սրտերին»,- մտաբերեց Սյուզաննան։
Այնուամենայնիվ, օրեր անց Ռ․Ամիրխանյանի «Երգն էլ հոգի ունի» ստեղծագործությունը Սյուզաննային հաղթանակ բերեց նաև հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի և երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ փառատոնում։ Սյուզաննան այս մրցույթում ևս իր կատարողական արվեստով գրավելով ժյուրիին արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան Պրի մրցանակի։
«Կոնստանտին Օրբելյանի անունը կրող մրցույթն ինքնին ստիպում էր ներկայանալ լավագույն կերպով։ Քանի որ մրցույթը կրում է հայ կոմպոզիտորի անունը հայ լինելով դու պարզապես չես կարող ոգով չկատարել քո ստեղծագործությունը, անկախ նրանից, թե ինչ ես կատարում և որ ժանրում։ Այն արդեն ստիպում է քեզ հիշել, որ դու հայ ես, քո մշակույթն անպարտելի է, քո մշակույթով պետք է ցույց տաս բոլորին, որ դու հզոր ես»,-հաղթական ոգով շեշտեց Սյուզաննան։
Ի դեպ, Սյուզաննան մրցույթներին մասնակցության հնարավորությունը ստացել է Հայաստանում մասնակցելով «Հայասա» համահայկական մրցույթ-փառատոնին․ «Այստեղ վաստակելով առավելագույն 152 միավոր, ես արժանացա «Հայասա» կոչմանը, որն էլ արդեն ինձ տվեց հնարավորություն ընդգրկվելու պատվիրակության կազմում և Հայաստանը ներկայացրեցի երկու այս հեղինակավոր մրցույթներում»,- ասաց Սյուզաննան և հավելեց, որ դադար չի ցանկանում վերցնել և մտադիր է այլ հեղինակավոր մրցույթներում ևս Հայաստանը ներկայացնել ու վերադառնալ հաղթանակներով։