«Որքան կարող եք շատ կարդացեք»․ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը՝ «Ազնավուր» քոլեջի ուսանողներին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի բարեկամ, ֆրանսաբնակ մեր հայրենակից, բանաստեղծ, Մարսելի
Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը օրերս հանդիպում
ունեցավ քոլեջի ուսանողների հետ։
Հանդիպմանը Խուրշուդյանը ներկայացրեց հայերեն թարգմանությամբ օրերս լույս տեսած ֆրանսիացի հեղինակներ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է Սեր պոեզիա»-ն և Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» սկանդալային վեպը։ Խոսեց թարգմանված գրքերում զետեղված ստեղծագործությունների մասին։ Ինչպես նաև, գրքերից հատվածներ ընթերցեց ուսանողների համար։
«Որքան կարող եք շատ կարդացեք»,- ուսանողներին խորհուրդ տվեց Կ․ Խուրշուդյանն ու հորդորեց․ «Հրաժարվե՛ք էլեկտրոնային տարբերակով ընթերցանությունից, անպայման փնտրե՛ք, գտե՛ք հեղինակի գործը և կարդացեք այն գրքից՝ զգալով գրքի հոտն ու էներգիան»։
Հանդիպման ավարտին Կարեն Խուրշուդյանն իր թանգմանությամբ լույս տեսած երկու գրքերը նվիրեց «Ազնավուր» քոլեջի գրադարանին։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում համատեղ իրականացվում են երկուստեք արդյունավետ ծրագրեր։
Կարեն Խուրշուդյանի 3 գրքերի հեղինակ
է։ 2020 թվականին լույս է տեսել նրա «Աստծո ոստան», 2021թ․՝ «Սահարայի մենավորը», իսկ
2022թ․՝ «Աշխարհն իմ շուրթերին» գրքերը։ Նրա ստեղծագործությունները
թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, պարսկերեն, հնդկերեն։
Լուսանկարները՝ «Լուանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիա Լազարյանի և Սոնա Մատինյանի։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․