Պետք է երազանքին հասնելու ձգտում ու համառություն ունենաք․ Ռիմա Պիպոյան
Օրերս հայ բեմադրիչ-խորեոգրաֆ Ռիմա
Պիպոյանը, որը համարվում է Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը, վարպետության
դաս-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
«Պարարվեստ» մասնագիտության ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում Ռիմա Պիպոյանը «Ազնավուր» քոլեջի ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից պարը, անդրադարձ կատարեց իր դժվարին ու բեղուն պարային ու ստեղծագործական կարիերային՝ զուգահեռ ցուցադրելով իր բեմադրությունների հիման վրա նկարահանված տեսանյութերն ու ֆիլմերը։
«Եթե իրոք սիրում եք և երազանքները կապում եք այս մասնագիտության հետ, ուրեմն ձեր տեղն այս ոլորտում հաստատ կգտնեք։ Պարզապես պետք է երազանքին հասնելու ձգտում ունենաք և համառորեն գնաք այդ երազանքի իրականացման հետևից»,- ուսանողների հետ հանդիպմանն ասաց Ռիմա Պիպոյանն ու խորհուրդ տվեց․ «Պարողներն ամենաշատ կրթվածը պետք է լինեն, քանի որ բեմը «ռենտգենի» նման է, իսկ հանդիսատեսն ուզում է բեմում կատարյալը տեսնել։ Եթե կիսատ, իմիջայլոց պարես, հանդիսատեսը կհիասթափվի ու երկրորդ անգամ էլ չի գա քեզ տեսնելու։ Ընդհանրապես պետք է լուրջ վերաբերվել արվեստի բոլոր ճյուղերին, կլինի պարարվեստ թե երգարվեստ։ Որքան կարող եք շատ ուսումնասիրեք պարարվեստը, գիտելիքներ ու փորձ ձեռք բերեք, այն հետագայում հաստատ պետք կգա, անգամ, եթե պարարվեստով էլ չզբաղվեք»։
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան դիտելու նաև բազմաթիվ մրցանակների արժանացած «Ել» պարային կարճամետրաժ ֆիլմը՝ Ռիմա Պիպոյանի բեմադրությամբ ու մտահղացմամբ, որն առաջարկում ենք դիտել ստորև։
Ուսանողների հետ հանդիպումից հետո Ռիմա Պիպոյանը եղավ նաև Վանուշ Խանամիրյանի անվան պարասրահ- թանգարանում, որտեղ ի պահ են տրված վարպետի մասնագիտական և անձնական իրերն ու մասունքները։