Անվանի խորեոգրաֆ Թիերի Թիո Նիանգը վարպետության դաս վարեց «Ազնավուր» քոլեջում
Վերջերս «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, անվանի պարուսույց և խորեոգրաֆ Թիերի Թիո Նիանգը Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում էր։
Թիերի Նիանգը, քոլեջի Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի սրահ-թանգարանում նախ ծանոթացավ հայկական պարի լեգենդի թողած ժառանգությանը, որը տեղ է գտել պարասրահ-թանգարանում, ապա՝ պրակտիկ վարպետության դաս անցկացրեց «Պարարվեստ» մասնագիտության ուսանողների հետ։
Անվանի պարուսույցը ուսանողներին սովորեցրեց պարային պլաստիկայի միջոցով զգալ սեփական մարմինն ու մարմնի միջոցով վերարտադրել ու հանդիսատեսին փոխանցել հույզերն ու ապրումները։
Թիերի Թիո Նիանգը պարող է և պարուսույց: Իր ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ նա նախաձեռնում է խորեոգրաֆիկ սեմինարներ ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ սիրողական մակարդակներում երեխաների, դեռահասների, մեծահասակների, տարեցների, աուտիզմ ունեցող անձանց ու բանտարկյալների հետ:
Նա համագործակցում է տարբեր ռեժիսորների, պարուսույցների, դերասանների և երաժիշտների հետ՝ ստեղծելով բազմաթիվ համատեղ ծրագրեր:
Թիերի Թիո Նիանգը Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստի և գրականության շքանշանով, ՅՈՒՆԵՍԿՕ-Աշբերգի հիմնադրամի և SACD մրցանակի դափնեկիր է։ Նա աշխատում է արվեստի դպրոցների, դրամատիկական և խորեոգրաֆիկ արվեստի բարձրագույն կոնսերվատորիաների հետ Ֆրանսիայում և այլ երկրներում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի։
Վարպետության դասի մանրամասները՝ տեսանյութում․