Ազնավուր քոլեջի և Արգելոցապարկային համալիրի միջև համագործակցության համաձայնագիր կնքվեց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի Շառլ
Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի և ՀՀ ՇՄ նախարարության «Արգելոցապարկային համալիր»
պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր։
«Վստահ եմ, որ այս Համաձայնագրի արդյունքում մեր ուսանողների առջև այս կազմակերպության դռները բաց կլինեն»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
«Միանշանակ»,- հաստատակամ շեշտեց «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, ապա հավելեց․ «Այս համաձայնագրով ոչ միայն «Ջրվեժ» անտառպարկի, այլ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի բոլոր տասը հիմնարկների դռները բաց կլինեն «Ազնավուր» քոլեջի ուսանողների համար»։
«Ի գործ» միմյանց ասելուց ու փոխադարձ ձեռքսեղմումից հետո, երկու ՊՈԱԿ-ների տնօրենները պաշտոնական մասից անցան գործնական պայմանավորվածությունների։
Երկկողմ կնքած համաձայնագրի արդյունքում, կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան 2023 թվականի ընթացքում։ Քոլեջին հնարավորություն կտրվի կազմակերպել բնապահպանական և էկոկրթական թեմաներով՝ էկոկրթական, էկոճանաչողական և էկոդաստիարակչական միջոցառումներ և դասընթացներ:
Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Այդ թվում՝ բնապահպանական թեմաներով ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, լուսանկարահանումներ, մշակութային ժառանգության մեկնաբանման և ներկայացման ուղղությամբ նորարական կրթական և այլ ժամանցային ծրագրեր։ Ինչպես նաև Կազմակերպության հիմնարկներում քոլեջի սաները հնարավորություն կունենան անցկացնելու իրենց մասնագիտական-արտադրական պրակտիկաները:
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող՝ Սոնա Մատինյանի
Համաձայնագրի կնքման մանրամասները՝ տեսանյութում․