Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր․ այսօր նա կդառնար 69 տարեկան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
երգչուհի, մանկավարժ, արվեստի նվիրյալ Նադեժդա
Սարգսյանն այսօր կդառնար 69 տարեկան։
«Մինչև վերջին շունչս ամեն ինչ անելու եմ ուսանողներիս համար․․․»,- արվեստագետի տեսակ, որն իսկապես մինչև վերջին շունչը նվիրվեց ուսանողներին։ Հայկական երաժշտարվեստում մեծ է նրա ավանդը, որի ստեղծագործական դարբնոցում տարիների ընթացքում թրծվել են հայկական երգարվեստի անվանի շատ արտիստներ։ Նադեժդա Սարգսյանն անհատականություն էր, ում ավանդը անփոխարինելի է և անուրանալի:
Տիկին Նադեժդան 2003-2017 թվականներին ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։ Ապագա սերունդների դաստիարակման գործընթացում նրա հիմնադրած ավանդույներն ու կրթական մեթոդներն այսօր էլ կիրառվում են քոլեջի տնօրենի, Նադեժդա Սարգսյանի գործընկերների ու սաների կողմից։
Դեռևս 2018 թվականից, նրա կենդանության օրոք քոլեջի «Երաժշտության» ամբիոնը, ի պատիվ երկարամյա տնօրենի ներդրած ավանդի, կրում է մեծ ուսուցչի՝ Նադեժդա Սարգսյանի անունը։ Իսկ քոլեջում ստեղծվել է հատուկ անկյուն, նրա հիշատակն ու գործերը վառ պահելու համար:
2020 թվականն, ՀՀ կառավարության որոշմամբ, «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ը և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»-ը միավորվել են և դարձել մեկ քոլեջ, որն այսօր կրում է լեգենդար Շառլ Ազնավուրի անունը: