Ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը վարպետության դաս կվարի քոլեջի ուսանողների համար
Հոկտեմբերի 7-ին Երևանի Շառլ Ազնավուրի
անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում,
«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը
վարպետության դաս կվարի քոլեջի ուսանողների համար։
Արման Սարիբեկյանը ծնվել է Հայաստանում 1976 թվականի նոյեմբերի 24-ին։ Թատրոնի ոլորտում իր առաջին քայլերը սկսել է Ուկրաինայում՝ Վիտալի Դենիսենկոյի թատերական ստուդիայում. վերջինս 1997-2004 թվականներին բազմաթիվ հետաքրքիր ու նորարարական ներկայացումներ է բեմադրել։ Դենիսենկոյի կողմից բեմադրված «Ուշ է, պարոն Լոտրեկ» մոնո-ներկայացման մեջ Արմանը խաղացել է Տուլուզ Լոտրեկի դերը։ Այս գործունեությանը զուգահեռ նա բարձրագույն կրթություն է ստացել Զապորոժիեի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտում՝ դառնալով ֆրանսերեն-ռուսերեն թարգմանության մասնագետ։
2004-2006 թվականներին Արմանն ավարտել է նաև դրամատիկական արվեստի դասընթացներ Փարիզի Բեատրիս Բրուտ դպրոցում։ Այնուհետև նա վերադարձել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է Դմիտրի Լազորկոյին ու վերջինիս հետ բեմադրել Մարգրիտ Դյուրայի «Հիրոսիմա, իմ սեր» ստեղծագործությունը:
2009 թվականից Արման Սարիբեկյանը որպես դերասան ներգրավվել է Theatre du Soleilում և աշխատել Արիան Մնուշկինի ղեկավարությամբ։ Նա տարբեր դերեր է խաղացել թատերախմբի մի շարք ներկայացումներում, որոնք մրցանակների են արժանացել թատերական փառատոների ժամանակ։ Այս գործունեությանը զուգահեռ՝ 2013-2018 թվականներին, Արմանը դերասանական վարպետության դասընթացներ է վարել Բրազիլիայի մի շարք քաղաքներում՝ հիմնվելով Անտոն Չեխովի պիեսների վրա։ 2015 թ. ամռանը Կամպինասում (Սան Պաուլոյի նահանգ) բեմադրել է «Դրաման և այլ պատմվածքներ» ներկայացումը՝ Չեխովի ստեղծագործության հիման վրա։
Որպես գեղարվեստական հարցերով խորհրդական նա մասնակցել է նաև Սիմոն Աբգարյանի կողմից «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսի բեմադրմանը (ներկայացումը 2020-ին արժանացել է «Մոլիեր» հեղինակավոր մրցանակին- լավագույն հանրային ներկայացում անվանակարգում):
2019 թվականի գարնանը նա ադապտացրել է Նիժինսկու «Տետրեր» ստեղծագործությունը, որի բեմադրությունը վստահել է Ֆլավիա Լորենցիին։ Բեմադրված ստեղծագործությունը հանդիսատեսին է ներկայացվել նույն թվականի մայիսին Հայաստանում և հունիսին՝ Կոսովոյի թատերական փառատոնին, որտեղ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Իսկ «Նիժինսկի կամ Կապույտ աստծո վերջին պարը» կոչվող ներկայացումն ընդգրկվել է Théâtre du Soleil-ի խաղացանկում 2020 թվականի սկզբին: Այժմ էլ Արման Սարիբեկյանն ընդգրված է Théâtre du Soleil-ի հեղինակավոր մի շարք ներկայացումներում, որոնք շրջում են ամբողջ աշխարհով։