Ազնավուր քոլեջում նոր ուսումնական տարին մեկնարկեց արտասովոր ակտիվությամբ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում
նոր ուսումնական տարին մեկնարկեց բավականին ակտիվ։
Քոլեջի 2022-2023 ուսումնական տարին, ուսանողների ու դասախոսական կազմի համար առանձնահատուկ կարևորվեց մասամբ վերանորոգված լսարաններով, ամբողջովին վերանորգված դահլիճով ու նոր ուսումնական ու մասնագիտական գույքով։ Իսկ քոլեջ ընդունված մոտ 200 առաջին կուրսեցիների համար պատմական էր, քանի որ հենց նրանք են համարվում լեգենդար հայ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող մշակույթի և արվեստի պետական քոլեջի առաջին ուսանողները։
Գիտելիքի օրվա առթիվ քոլեջի ուսանողներին իր օրհնության խոսքով ու միասնական աղոթքով բարի երթ մաղթեց Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը։
«Ինձ համար զարմանալի, բայց հպարտություն զգացի, երբ քիչ առաջ Ազնավուր քոլեջի ուսանողների կատարմամբ համաքրիստոնեական աշխարհի «Հայր մեր» աղոթքից առաջ հնչեց հայաստանյաց ժողովրդի, ճշմարիտ Հայաստանի «Հայր մերը» իր պատվիրաններով՝ «Ես իմ անուշ Հայաստանի» երգի միջոցով։ Հիշեցի Հովհաննես Բադալյանին, հիշեցի մանկությանս տարիները, իսկական Հայաստանը։ Սա երաժշտական դարբնոց է։ Այսպիսի խոսք կա, որ եթե զենքով չկարողանաս թշնամուդ բանակը մտնել, ապա երգ-երաժշտությամբ կմտնես։ Սիրելի ուսանողներ, դուք հիմա այդ ամենամեծ զենքն եք կրում, մնում է ավելի մշակեք։ Իմ խոնարհումը, հայրական օրհնությունս եմ տալիս այս երիտասարդներին և ուսուցիչներին՝ մշակներին, ովքեր իրենց մշակած բերք ու բարիքները, պտուղներն են տեսնում»,- միասնական աղոթքից առաջ ասաց Տեր Մխիթարն ու շարունակեց․ «Քահանա լինելուց առաջ ես մարդ եմ, միս և արյուն ունեմ, ես հայ եմ, գյուղացի մարդ եմ, հողի հետ կռիվ տվող, իմ հողը սիրող մարդ եմ։ Եթե հողդ չսիրես՝ Աստծուն չես սիրի, մորդ չես սիրի, որովհետև մեր արմատներն այդ հողի մեջ են։ Թող մեզ երբեք չլքի հայրենասիրությունը, իսկական հայ լինելը։ Ես այս տարիքիս, մինչև 2019 թվականը, Ջաբրայիլի խրամատներում եմ եղել և կամուֆլյաժը հագած կանգնել եմ խրամատում, կարևորություն չտալով այն բողոքներին, թե քահանան ավտոմատը ձեռքին կանգնած է խրամատում։ Մենք որպես հայ, զենքը գրկած ենք քնել մեր ողջ կյանքում, դա ցավոք մեր բախտն է ու մենաշնորհը։ Հրեան իր զենքը գրկած իր երկիրը, հողը սիրելով, ժայռերի մեջ ծառեր է տնկում, մենք պիտի օրինակ վերցնենք բոլոր օտար ժողովուրդներից այդ գեղեցիկ սովորություններից և մեր երկիրը դրախտավայր դարձնենք։ Սիրելի ուսանողներ, ձեզանով է դա լինելու, դուք եք նոր սերունդը։ Կմաղթեմ, որ ձեր այս պատանեկան տարիքին, ինչ ձեր աչքերը տեսան ու ականջները լսեցին, երիտասարդ տարիքում էլ երբեք չլսեք ու չտեսնեք նման բան։ Եվ, մի բան էլ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» երգը միշտ մրմնջաք քթի տակ, ամեն քայլափոխի, ինչպես ծայրահեղ հավատացյալը միշտ «Հայր մերն» է ասում, դուք էլ, որպես հայ, միշտ երգեք այդ երգը»,- հայրական օրհնությամբ խորհուրդ տվեց Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը։
«Այս ուսումնական տարեսկիզբը մեզ համար ևս սիմվոլիկ է, քանի որ առաջին ուսումնական տարին է, երբ քոլեջը կրում է Ազնավուրի անունը»,- հուզմունքը մի կերպ թաքցնելով իր ողջույնի խոսքում ասաց «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։
Հիմնադրամի փոխտնօրենը առանձնահատուկ կարևորեց քոլեջի հետ համագործակցությունը, մտաբերելով որ մինչ քոլեջը կկրեր Ազնավուրի անունը, տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ միասին բարդ ու երկար ճանապարհ հաղթահարեցին։ Ապա դիմելով ուսանողներին ասաց․ «Ձեզ եմ փոխանցում հիմնադրամի համահիմնադիր հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի ողջույնը և շնորհավորանքը ու մաղթում մեծ հաջողություններ։ Շառլ Ազնավուրն իր կյանքով ապացուցեց, որ ցանկացած տաղանդ, երազանք կարող ենք հաջողել միայն համառ աշխատանքի շնորհիվ։ Թող սա ձեզ համար ամեն օր լինի ոգեշնչում, որովհետև ոչ մի տաղանդ, ինչպես նաև շնորհ, չի կարող փոխարինել ձեր կրթության, աշխատանքի տեղը»։
Անդրադառնալով «Ազնավուր» հիմնադրամի և քոլեջի համագործակցության խոսուն արդյունքներին՝ նա ընդգծեց․ «Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական է այն, որ կարողացել ենք միասին ճիշտ աշխատանքի արդյունքում, հիմնադրամի նվիրատուների ջանքերով, քոլեջի «Գործիքային արվեստ» և «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունների լսարանները մասնագիտական գործիքներով վերազինել այնպես, որ նրանց ստեղծագործական միտքն ավելի իրական թռիչք ունենա։ Այդ ամենն իհարկե հիմնադրամի »,- փաստեց «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրենն ու ընդգծեց, որ ապագայում քոլեջը կդառնա տարածաշրջանի լավագույն ուսումնական հաստատությունը․ «Հիմնադրամը քոլեջի հետ համագործակցելով շատ գործուն ծրագրեր է մշակում դեռևս ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ հուշագիրը ստորագրելու պահից, որպեսզի վարպետության դասերի, մասնագիտական վերապատրաստումների, հետաքրքիր ուսումնամեթոդական նորամուծությունների, կրթական ծրագրային բարեփոխումների միջոցով կարողանանք քոլեջն իսկապես ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում դարձնել ձգող հարթակ։ Այն դարձնել միջազգային առումով շատ ներկայանալի միջավայր, որտեղ սովորելու գալիս ու ձգտում են ձեր նման շատ երիտասարդներ։ Հիմնադրամի անելիքների մասով ծրագրերը շատ են, ոգեշնչումը՝ նույնքան մեծ»։
Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Ազնավուր քոլեջի ուսանողներից կազմված արական համույթը, ինչպես նաև քոլեջի շրջանավարատ, երգիչ Հարություն Մկրտչյանը, որոնց նվագակցում էր Ազնավուր քոլեջի նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյան։
«Այս տղաները վառ ապացույցն են, որ Ազնավուր քոլեջը պետք է ծաղկի, զարգանա։ Այս երգի ու ոգու դարբնոցը դեռևս հարյուրավոր տարիներ պետք է իր արժանապատիվ զավակներին, որդիներին թևեր տա, որ թռչեն դեպի անհունը, դեպի հայի հավերժություն»,- իր ողջույնի խոսքում ասաց Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը, ում աջակցությամբ, ուղիղ մեկ տարի առաջ անմխիթար դահլիճն այսօր ուսանողների, դասախոսների ու հյուրերի առջև իր դռները վերաբացեց արդեն վերանորոգված։
«Շատ հուզված եմ, մեկ տարի առաջ այս սրահն իսկապես անմխիթար էր»,- ասաց Կ․Խուրշուդյանն ու շարունակեց․ «Բայց շատ քիչ բան ենք արել այս քոլեջի համար շատ է հարկավոր անել։ Վստահ եմ, քոլեջը գտնվում է այնպիսի ձեռքերոմ, որ միայն ծաղկելու է։ Շնորհակալություն Ձեզ պարոն Կիրակոսյան»։
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը, ով Ազնավուր քոլեջի ուսանողներին բարի երթ մաղթելու էր եկել, որպես ավագ ընկեր կարևոր խորհուրդ տվեց․ «Ուզում եմ հասկանաք, որ գտնվում եք մի վայրում, որը նախահարթակ է դեպի պրոֆեսիոնալ աշխարհ։ Եթե եկել եք այստեղ, ուրեմն մտածել եք այդ մասին, եթե մտածել եք, ուրեմն՝ մտածելու կարողություն ունեք։ Եթե մտածելու կարողություն ունեք, մնում է մի բան՝ չարչարվել, չարչարվել ու չարչարվել։ Ուրիշ ոչ մի ճանապարհ չունեք։ Աստծո շնորհը չի տրվում հենց այնպես, որ դուք մսխեք տարբեր տեղերում, այլ տրվում է ջրելու, էտելու, ժամանակին բերքը հավաքելու, միջատներից ու չարիքներից պահպանելու համար։ Շնորհակալ եղեք Աստծուն, որ տվել է այդ շնորհը ձեզ, բայց մի նեղացրեք Աստծուն, տիրություն արեք նրա տված շնորհը, որովհետև այլ ճանապարհ չունենք»,- Դ․ Հակոբյանի այս կարևոր խորհուրդ-նախաբանին հաջորդեց նրա անակնկալը․ «Որքան հասկացա արդեն մի ոտքով կպել եմ այս հաստատությանը, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ որքան հնարավոր է իմ ժամանակից կտրամադրեմ և մինչև այս տարվա վերջ մի ներկայացում կնվիրեմ ձեզ՝ ուսանողների մասնակցությամբ։ Դա կլինի Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը։ Այնպես որ, քասթինգն արդեն հայտարարված է»,- բարձրաձայնեց Դավիթ Հակոբյանը։
Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանն էլ մտաբերեց, որ իր առաջին քայլերն այս քոլեջի շենքում է արել․ «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար հարազատ վայրում, այն տարիներին, երբ ես սովորում էի, կոչվում էր Հայ համերգին կից էստրադային ստուդիա, որի տնօրենը Ակսել Բակունցն էր։ Իմ դասախոսները եղել են լեգենդար մարդիկ։ Հիմա արդեն այսօրվանից որդիս՝ Հենրին է այս քոլեջի ուսանող։ Հուսով եմ, կլինի արժանի զավակ՝ մեր երկրի համար և ճիշտ մասնագիտությամբ կշարունակի իր ճանապարհը»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստն ու ապագա երգիչներին մաղթեց․ «Ցանկությունս մեկն է, որ մեր երգերում այսուհետ երգենք նրա մասին, որը մերն է՝ մեր հողի, մեր երկրի մասին։ Հիմա, ցավոք, երգում ենք Մասիսի, Շուշիի, Մուշի, Սասունի, Վանի, Կիլիկիայի մասին, որոնք մերը չեն։ Աստված տա, շատ մոտ ապագայում, այդ երգերը երգեք, բայց արդեն նրանք մերը լինեն։ Կանաչ ճանապարհ ձեզ սիրելի ուսանողներ»։
«Ուղիղ 3 տարի այս քոլեջում չեմ եղել»,- բեմահարթակից հուզված ուսանողներին դիմեց քոլեջի երկարամյա փոխտնօրեն Պավել Մարկոսյանը։
«Քոլեջում իմ վերջին ելույթի ժամանակ, նոր ընդունված ուսանողներին ասացի, որ սա իմ 40-րդ հանդիպումն է նոր ընդունված ուսանողների հետ։ Բայց այսօր այնպես ստացվեց, որ 41-րդ անգամ հանդիպեցի մեր սիրելի ուսանողներին»,- ասաց Պ․ Մարկոսյանն ու խորհուրդ տվեց իրենց մեջ ուժ գտնեն, համառություն ունենան ու լավ սովորեն, ապագայում լավ մասնագետներ դառնալու համար, ինչպես այս քոլեջի շատ շրջանավարատներ։
Ի դեպ, Գիտելիքի օրվա առթիվ, Թեհրանից ժամանած կիթառահար, երաժիշտ,
գործիքավորող Ասպետ Նովարովը Ազնավուր քոլեջի ուսանողներին ողջունեց Արա Գևորգյանի
«Արցախ» ստեղծագործության կատարումով։
«Պատկերացնո՞ւմ եք, թե այսօր իմ կյանքում որքան պատմական ու մեծ կարևորություն ունեցող օր է»,- ավագ որդու ձեռքը բռնած բեմահարթակ բարձրանալուց հետո ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ում որդին իր առաջին քայլերն էր արել առաջին դասարանում։ Քոլեջի տնօրենը դիմելով առաջին կուրս ընդունված ուսանողներին՝ խորհուրդ տվեց․ «Երբեք մի դադարեք երազել, այդ երազանքներին միացրեք այն ընկերներին, ովքեր հավատում են ձեր երազանքներին և այդ երազանքները միշտ իրականություն են դառնում»,- իրեն օրինակ բերելով վստահեցրեց Վ․ Կիրակոսյանը և հավելեց․ «Ուզում եմ, որ բոլորս լինենք այն երազանքի կրողը, որտեղ Շառլ Ազնավուրն է ու մեր բոլոր լեգենդները։ Այնպիսի մարդիկ ինչպիսին իմ լավ ընկեր Կարեն Խուրշուդյանն է, «Ազնավուր» հիմնադրամը, որոնք հավատացին մեր երազանքին ու ասացին՝ այո, մենք ձեզ հետ ենք։ Այսօր արդեն միասին շենացնում ենք քոլեջը»,- հպարտությամբ ասաց քոլեջի տնօրենն ու կես կատակ կես լուրջ շեշտեց․ «Այս ամենը անում ենք ձեզ համար, մեր սիրելի ուսանողներ, ես այս ամենն ինձ հետ չեմ տանելու, իհարկե, չեմ պատրաստվում գնալ քոլեջից։ Դեռ երկար եմ մնալու քոլեջում, քանի որ շատ գործեր ունեմ անելու, քոլեջի հետ կապված երազանքներս երկարաժամկետ են։ Ինչպես Կարինեն ասաց, մենք լուրջ ծրագրեր ունենք քոլեջը միջազգային մակարդակի ուսումնական հաստատություն դարձնելու։ Մեր քոլեջ ընդունվելը երազանք է լինելու, այդպես սկսել ենք ու շարունակելու ենք։ Մենք ազգային մշակույթի կրողն ենք, մեզ մոտ բացառապես ազգային մշակույթի, ազգային գաղափարախոսության վրա է դրված բոլոր կրթական աստիճանները։ Բարի գալուստ Ազնավուր քոլեջ, սիրելի ուսանողներ, թող ձեր երազանքներն իրականություն դառնան մեզ հետ միասին»։
Լուսանկարները՝ Ազնավուր քոլեջի շրջանավարտ Ռոբերտ Գրիգորյանի
Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս հղումով․