ԵՄԱՊՔ սաները ելույթ ունեցան մեծ հայ Խաչատուր Աբովյանի ծննդյան միջոցառմանը
Հոկտեմբերի 15-ին, Խաչատուր Աբովյան
տուն-թանգարանում, տեղի ունեցավ «ԱԲՈՎՅԱՆ-ՊԱՐՐՈՏ» խորագրով միջոցառումը, որը նվիրված
էր Խ. Աբովյանի և Ֆր. Պարրոտի ծննդյան տարեդարձերին:
Միջոցառման երաժշտական մասը վստահված էր Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաներին։ Հնչեցին «Զարթիր լաո» երգը՝ Արման Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգը՝ Հարություն Մարգարյանի, Beyonce «Listen» Տաթևիկ Արծրունյանի և Կոնստանտին Օրբելյանի «Վոկալիզ»-ը՝ Լիանա Դանիելյանի կատարմամբ:
Ընթեցումներով հանդես եկան Հայ-չինական բարեկամության դպրոցի սաները: Ներկայացրեցին Խ. Աբովյանի և Ֆր. Պարրոտի հուշերից հատվածներ: «Աբովյան-Պարրոտ» թեմայով զեկույց կարդաց թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը:
«Յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել Խաչատուր Աբովյան։ Նրա մշակութային
ժառանգությունը մեզ և մեր սերունդների համար հավերժ է, այն պահպանում է հայի գենի շարունակության
հզոր լինելու մի մասնիկը»,- իր ելույթում
ասաց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու ներկաներին շնորհավորելով մեծ հայի՝ Խ․ Աբովյանի ծննդյան կապակցությամբ
հավելեց․ «Վստահ եմ, անմահացած
մեր մեծերը մեզ, որպես քրիստոնյաներ, թույլ չեն տալիս, որ շեղվենք այն սկզբունքից,
այն գենից ու կոդից, որը դրված է մեր մեջ, որն իրենց թողած ժառանգությամբ փոխանցել
են մեզ։ Այսօր դժվարին ժամանակներ ենք ապրում, որպես մանկավարժ չեմ խորշի դրա մասին
խոսել, որովհետև լռությունն ավելի դաժան է ու ծանր՝ իր հետևանքներով, քան ինքնամփոփ
լինել և ասել՝ ես գործ չունեմ։ Այն իրականությունը, որտեղ այսօր հայտնվել ենք և ապրում
ենք, պարտավոր ենք լցնել ազգային արժեքների ավելի մեծ շեշտադրմամբ և հնարավորինս պահպանել
փոխանցել և դրանով դաստիարակել մեր սերունդներին։ Մեր քոլեջն արվեստի մի դարբնոց է,
որտեղ կրթություն են ստանում ապագա հայ արվեստի ու մշակույթի տերերը»,- վստահեցրեց
ԵՄԱՊՔ տնօրեն Վ․ Կիրակոսյանը։
Պատվավոր հյուրերի թվում էր ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, այդ թվում և ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանին։
«Խաչատուր Աբովյանը մեր ժողովրդի համար կարևորագույն անհրաժեշտություն է, ինչպես Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին և Գրիգոր Նարեկացին։ Վերջին շրջանում թեև եղել են Աբովյանի դերը նսեմացնելու տխուր փորձեր, բայց դրանք անցողիկ բաներ են։ Աբովյանը Խորենացուց հետո, այն բացառիկ ու հզոր անհատականությունն էր, ով մեզ տվեց հայրենիքի հասկացություն և գաղափար, սովորեցրեց հայրենագիտության այբուբենը, կարողացավ մեր ժողովրդին մոտեցնել ինքնաճանաչողության, արժևորել հայրենիքը և սերունդներին ցույց տալ ճշմարիտ հավերժության ճանապարհը»,- վստահեցրեց Ս․ Մուրադյանն ու ասածը հիմնավորելու համար ներկաներին, հատկապես երիտասարդ սերնդին, դիմեց Աբովյանի սիրելի դիմելաձևով․ «Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, տասը լեզու սովորեցեք, սակայն ձեր մայրենին ղայիմ պահեցեք։ Այն նստարանները, որի վրա դուք նստած եք, սիրելի աշակերտներ, Հայաստան է ներմուծել Խաչատուր Աբովյանը։ Այսօր, երբ սնվում եք՝ գործածելով դանակ և պատառաքաղ, մի՛ մոռացեք, որ այդ մշակույթը Եվրոպայից Հայաստան է փոխադրել Խ․ Աբովյանը։ Այն երիտասարդները, որոնք իրենց հրաշալի ձայնային կարողություններով և կատարողականության վարպետությամբ այս միջոցառմանը հնչեցրին, մի՛ մոռացեք, որ եվրոպացոց մուզիկեն հայ իրականության մեջ արմատավորել է Աբովյանը։ Կվարցային ավազից ապակի ստեղծելու գաղտնիքները նույնպես Հայաստան է փոխադրել Աբովյանը։ Մինչև Աբովյանի Եվրոպայից վերադարձը հացը թխել ենք թոնրում, իսկ փուռը, որի մեջ հաց թխեցին հետո և հիմա էլ շարունակվում է, էլի Աբովյանի շնորքն է»,- ասաց Ս․ Մուրադյանն ու հորդորեց ժողովրդի հավերժության ճանապարհին երբեք չմոռանալ Աբովյանի պատգամախոսություն․ «Երբ մենք կիրառում ենք Աբովյանի պատգամները, հասնում ենք հաղթանակների, ունենում ենք նվաճումներ, ազգային հավաքականություն, հայրենի երկրի և ժողովրդի միասնության հրաշալի հնարավորություն, իսկ երբ հեռանում ենք աբովյանական պատգամներից, ունենում ենք ձախողումներ, պարտություններ ու ցավալի ողբերգություններ»,- պնդեց պրոֆեսոր Ս․ Մուրադյանն ու Աբովյանի մի պատգամախոսությամբ ավարտեց իր ելույթը․ «Հայ ազգ, քո անունին մեռնիմ, քո արևին ղուրբան, երբ մենք իրար թև ու թիկունք ըլնենք, երբ մենք իրար քոմագ կանգնենք, ծովն էլ ա տեղիցը վեր կենա, մեզ չի կարալ տակովն անիլ, էլ ուր մնաց օսմանցին յա պարսիկը․․․ Այսօր կարող ենք օսմանցին պահելով պարսիկի տեղը դնել մեր ժողովրդի մյուս թշնամիներին և կհասկանանք, որ ազգային հավաքականության, ազգային միասնության այդ գաղափարը Աբովյանն է ներարկել՝ մեր արյան և էության մեջ։ Պիտի հիշենք Աբովյանի մյուս խոսքն էլ՝ վայ էն ազգին, որ աշխարհումն անտեր ա, վայ էն խալխին, որ թշնամու գերի ա, վայ էն ազգին, որ իր հողն ու աշխարհը չի պահպանիլ ու հարամու ձեռը կտա ․․․ Աբովյանական այս ոգին է մեր անմահության ու հարատևության գաղտնիքը»։
Միջոցառման ավարտին Խ․ Աբովյան տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խորին շնորհակալությունը հայտնելով ներկաներին տեղեկացրեց․ «Վերջերս Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ հուշագիր կնքեցինք, որի արդյունքն է նաև այսօրվա միջոցառումը։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք։ Վստահեցնում եմ, առաջիկայում համատեղ դեռ շատ ծրագրեր ենք ունենալու»։
Մանրամասները` տեսանյութում.