«Երկրորդ 70-ին ավելի եռանդով եմ աշխատելու»․ նշվեց Համլետ Թադևոսյանի 70-ամյակը
25 տարեկանի
արտասովոր էներգիայով լեցուն բեմի նվիրյալ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար Համլետ Թադևոսյանն օրերս բոլորեց
ծննդյան 70-ամյակը։ «Ազնավուր» քոլեջի ստեղծագործական թիմը, ցերեկույթ էր կազմակերպել
հենց Թադևոսյանի ծննդյան օրը: Սակայն, անսահման պատասխանատու բեմադրող ռեժսորից, որն
իր բնավորության ու մասնագիտությանը համաձայն պիտի տեղյակ լինի բեմում տեղի ունեցող
ամեն մի մանրուքից, «Ազնավուր» քոլեջի թիմը, նրա հոբելյանին նվիրված միջոցառման ողջ
բովանդակությունը գաղտնի էր պահել։ Այսօր կարող ենք վստահորեն շեշտել, որ անակնկալը
հաջողել ենք։
Նախ, հեբելյանական ցերեկույթն ազդարարավեց Թադևոսյանի հարուստ ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմով, որին հաջորդեցին արդեն հոբելյարի ընկերների հուշերն ու բարեմաղթանքները։
«Տարիներ առաջ, երբ հեռուստաթատրոնի երկուշաբթիներն էին ու բոլորս գամված սպասում էինք, թե երբ պիտի սկսվի, ես այդ խելագարներից էի, ու սիրահարված էի բոլոր դերասաններին։ Իսկ Համլետ Թադևոսյանն այդ տարիներին հեռուստաթատրոնի իմ սիրելի դերասաններից էր»,- հոբելյանական ցերեկույթի ժամանակ ասաց դերասանուհի, ասմունքող ՄԱՐԻԵՏԱ ԽՈՋԱՅԱՆՆ ու շարունակեց․ «Մեր կողքին նստած է լեգենդ, պատմություն, որն իր ուսերին կրում է մի ամբողջ մշակույթ։ Համլետ ջան երջանիկ եմ, որ քո ժամանակակիցն եմ, որ քո հետ նկարահանման հրապարակում անցկացրել եմ երջանկագույն պահեր։ Ամեն մեկին տրված չէ օժտված լինել բացառիկ չափի զգացողությամբ։ Իմ սիրելի Համլետ, ուզում եմ, որ քո այդ ավյունով երկար ու առողջ ապրես, որպեսզի կարողանաս շարունակել այս սերնդին փոխանցել այն մշակույթը, որը քո մեջ է»։
Հոբելյանական միջոցառմանն իր աճպարարական հնարքներից մի հետաքրքիր ու հումորային համարով հոբելյարին շնորհավորեց բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, մոգության արքայի տիտղոսակիր, Հայաստանի աճպարարների միության նախագահ, աճպարար ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԸ։ Սակայն, մինչ աճպարարական հնարքներին անցնելը, դիմելով Հ․ Թադևոսյանին, կես կատակ, կես լուրջ ասաց․ «Համլետ ջան, եղբայրս, մենք այնքան վաղուց ենք իրար ճանաչում, որ երևի մարդն այդքան չի ապրում։ Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ քո գեղեցիկ տոնին, ուզում եմ շնորհավորել ոչ թե քո ֆիզիոլոգիական, այլ բիոլոգիական տարիքը՝ 35 ամյակդ։ Ցանկանում եմ՝ ամենալավն ու բարին, որքան հանդիպենք՝ հանդիպենք ուրախ ու քո գեղեցիկ ժպիտով»։
Հոբելյանական
միջոցառման ընթացքում անշուշտ գնահատվեց թատերական ու դասավանդան ոլորտում Համլետ Թադևոսյանի
ներդրած անգնահատելի ավանդը։
Ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Համլետ Թադևոսյանին շնորհակալագիր հանձնվեց «Կրթական, գիտական, մշակութային, սպորտային» ընկերության վարչակազմի կողմից՝ թաերական ու դասավանդման ոլորտում ներդրած ավանդի համար։
«Թուլ տվեք փոխանցել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ջերմ շնորհավորանքները»,- բեմից հոբելյարին ասաց ՀԹԳՄ մամուլի և հասարակայնության հետ կապերի ղեկավար ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ու հավելեց․ «Թատերարվեստի պահպանման ու տարածման ոլորտում ներդրած երկարամյա ավանդի համար և 70-ամյակի կապակցությամբ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դերասան, Համլետ Թադևոսյանին շնորհվում է ՀԹԳՄ դիպլոմ»։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ևս անակնկալ ուներ օրվա հոբելյարի համար․ «Յուրաքանչյուր հարաբերությունում, լինի դա ընկերություն, թե բարեկամություն, կարևորը ուշադրությունն է։ Ինձ համար պատիվ է ձեր սերնդի հետ ստեղծագործել, լինել ձեր կողքին, շարժվել առաջ և մեր երկրի համար ֆիլտրել ամենահետաքրքիր, ամենաուժեղ, ամենախելացի, ամենատաղանդավոր երիտասարդներին ու պատանիներին»,- ասաց Վ․ Կիրակոսյանն ու շարունակեց․ «Պատիվ ունեմ այսօր Ձեզ հանձնելու «Ազնավուր» քոլեջի կողմից վերջերս ստեղծված մի հրաշալի ուշադրություն, որին արժանի է յուրաքանչյուր ազնավուրական»,- շեշտեց Վ․Կիրակոսյանն ու ընթերցեց հրամանը․ «Հրամայում եմ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դասախոս, դերասան, բեմադրիչ, դոցենտ Համլետ Վանոյի Թադևոսյանին պարգևատրել քոլեջի «Շառլ Ազնավուր» Ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած երկարամյա ավանդի, օրինակելի աշխատանքի և նվիրումի համար»։
Տեղեկացնենք, որ «Շառլ Ազնավուր» Ոսկե հուշամեդալը ստեղծվել է ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ։ Մեդալը տրվում է հայ ազգային մշակույթը և կրթությունը հանրահռչակելու, հասարակական և այլ ոլորտներում ներդրած ավանդի ու մատուցած ծառայությունների համար, ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Շառլ Ազնավուր Ոսկե մեդալն արդեն կրծքին փակցրած Համլետ Թադևոսյանը խոստացավ․ «Առաջին 70-ը չգիտեմ, բայց երկրորդ 70-ին ավելի եռանդով եմ աշխատելու»,-ապա դիմելով հանդիսականին շարունակեց․ «Սիրելի հյուրեր, սիրելի ազնավուրականներ, ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել այստեղ ներկա գտնվելու ու ջերմ վերաբերմունքի համար։ Հատկապես, ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել քոլեջի տնօրինությանը, ի դեմս Վրեժ Կիրակոսյանին, իմ աշխատանքը բարձր գնահատելու և ինձ շնորհված այս մեծագույն պարգևի՝ աշխարհահռչակ շանսոնիեի անվան, որով հպարտանում են ոչ միայն աշխարհի հայերը, այլ բազմաթիվ ազգեր»։
Հոբելյանական ցերեկույթի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները՝ «Երգեցողություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անժելա Ալբերտյանը և 2-րդ կուրսի ուսանող Արեն Խաչատրյանը։ Իսկ միջոցառման ավարտին քոլեջի «Ռեժիսուրա» և «Դերասանական արվեստ» մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողները, որոնք հանդիսանում են նաև «Ուսանողական թատրոնի» դերասաններ, փոքրիկ անակնկալ էին պատրաստել իրենց վարպետին ՝ բեմադրության տեսքով։
Էլ ինչ հոբելյան առանց տորթի․ քոլեջի ուսանողները «Տարեդարձ է այսօր» երգելով, բեմ բարձրացրին նաև սպասված տորթը։
Լուսանկարները՝ քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Աբրամովայի։
Օպերատոր՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի։
Մանրամասները կարող եք դիտել հոբելյանական ցերեկույթի տեսագրությունում․