«Ազնավուր» քոլեջի 5 ուսանող արժանացավ «Աիդա Ազնավուր-100» անվանական կրթաթոշակի
Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ դեռևս այս տարվա հունիսից նախաձեռնել էին անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր։ Ամիսների ընթացքում ստեղծված անկախ փորձագիտական հանձնաժողովը հայտ ներկայացրած ուսանողներից ընտրեց լավագույններին։ Այսօր արդեն որոշակի փուլեր հաղթահարելուց հետո քոլեջի 5 լավագույն ուսանողներ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում ստացան «Աիդա Ազնավուր - 100» անվանական կրթաթոշակների հավաստագրերը։ Ի դեպ, միջին մասնագիտական ոլորտում նման նախաձեռնություն տեղի է ունենում պատմության մեջ առաջին անգամ։
Միջոցառմանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ի դեմս «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի։ Մինչ կարևոր նախաձեռնությունն իրականություն դարձնելը քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ, Քրիստինա Ազնավուրը շրջայց ունեցավ քոլեջում, ծանոթացավ դասապրոցեսների ընթացքին, եղավ «Ազնավուր» հիմնադրամ-քոլեջ համագործակցության արդյունքում վերանորոգված և մասնագիտական համապատասխան կահավորված լսարան-արվեստանոցներում։
Իսկ արդեն դահլիճում իր գոհունակությունը հայտնեց երկու տարիների համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումների ու գրանցած հաջողությունների համար․ «Շատ ուրախ եմ այսօր այստեղ ձեզ հետ լինելու համար։ Ուրախ եմ տեսնելու այն ահռելի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել քոլեջում և մասնավորապես այս դահլիճում։ Առաջին անգամ քոլեջ իմ այցից անցել է 5 տարի և այդ ժամանակ փորձ էր ընթանում այս դահլիճում և լրիվ այլ տեսք ուներ։ Ուրախ եմ քոլեջում տեսնելու մեր համատեղ աշխատանքի արդյունքները»,- ուրախությամբ արձանագրեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և դիմելով ուսանողներին ասաց․ «Այս քոլեջում ամեն ինչ արվում է հենց ձեզ համար, քանի որ դուք եք մեր ապագան։ Այսօր «Ազնավուր» քոլեջի ընտանիքից 5 նոր տաղանդավոր ուսանողներ կստանան իրենց արժանի «Աիդա Ազնավուր- 100» անվանական կրթաթոշակները»։
Երևանի շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն էլ իր խոսքում ընգծեց․ «Այս օրը պատմական է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական ոլորտում նմանատիպ կրթաթոշակի շնորհումը բացառիկ է։ Այսօր ընտրված 5 ուսանողներից յուրաքանչյուրը միանվագ կստանա 450 հազար դրամ։ Այն կօգտագործի բացառապես իր մասնագիտական, ստեղծագործական գործունեության սահմաններում, արդյունքում կունենա մասնագիտական աճ, հաջողություն և հաղթանակներ»,- քոլեջի բեմից վստահեցրեց տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու հավելեց․ «Ես իմ երազանքի հետևից գնացող մարդ եմ, և յուրաքանչյուր ուսանող ով իր ճակատագրով կբախվի մեր ճակատագրին ինքն էլ կգնա իր երազանքի հետևից։ Այնպես որ այդ երազանքի մասնակիցը այսօր նաև դուք եք դառնում սիրելի ուսանողներ։ Այսօր երջանիկ եմ ու շնորհակալ «Ազնավուր» հիմնադրամին՝ բացառիկ գործունեության համար, այն ամենի համար ինչ երկուս և ավելի տարիներ շարունակ իրականացվում է հիմնադրամի շնորհիվ և աջակցությամբ։ Այս ամենը մեր սերունդներինն է, ձերն է սիրելի ուսանողներ, բոլորս երազում ենք, որ դուք երջանիկ լինեք։ Մեզ հետ միասին երազում է նաև «Ազնավուր» ընտանիքը և հիմնադրամը»։
Ելույթներից հետո «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը Աիդա Ազնավուր-Կառվարենց -100 անվան կրթաթոշակները հանձնեցին իրենց հասցեատերերին։
Եվ այսպես Աիդա Ազնավուր -100 անվանական կրթաթոշակի արժանացան «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գագիկ Խաչատրյանը։ «Էստրադային արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հայկ Եղիազարյանը։ «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Թուջարյանը։ «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Գալոյանը և 2-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Ալբերտյանը։
Կրթաթոշակների հանձնման արարողությանը հաջորդեցին կրթաթոշակի արժանացած ուսանողների ելույթները։
Աիդա Ազնավուրը երգչուհի է, Շառլ Ազնավուրի ավագ քույրն ու ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը: Աիդան և եղբայրը՝ Շառլը, անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին են կատարել արվեստի բնագավառում իրենց առաջին քայլերը, ստեղծագործել, երազել մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը: Աիդա և Շառլ Ազնավուրների համար մշտապես կարևոր դեր է ունեցել նաև տաղանդավոր երիտասարդների շնորհների զարգացումը, նրանց մասնագիտական աճի խթանումը: Անվանական կրթաթոշակի այս ծրագրի միջոցով «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանը նվիրված՝ Ազնավուրների առաքելությունը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Ասատրյանի
Մանրամասները՝ տեսանյութում․