Քոլեջի ուսանող Հայկ Եղիազարյանի «Ա՜խ,Արցախ» պատմվածքն արժանացել է «Ծիլ 2023» մրցանակի
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում
վերջերս տեղի ունեցավ «Ծիլ 2023» գրական մրցույթի ամփոփումը, որը բաղկացած էր երկու
անվանակարգից՝ «Պատմվածք-էսսէ» և «Բանաստեղծություն»։ նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջի «էստրադային արվեստ» մասնագիտության երրորդ կուրսի
ուսանող Հայկ Եղիազարյանը ևս եղել է մասնակիցների թվում։
Հայկն իր «Ա՜խ,Արցախ» վերնագրված ստեղծագործությամբ մրցույթին մասնակացել է «Պատմվածք-էսսէ» անվանակարգում։ Անվանակարգն ուներ 3 թեմա՝ «Կամք», «Հառնում» , «2 2023թ․ սեպտեմբերը Մայր Հայաստանում»։
Հայկ Եղիազարյանի գրական ստեղծագործությունը արժանացել է «Ծիլ 2023» մրցույթի երկրորդ մրցութային տեղը։ Հեղինակը խոստովանում է, որ պատմությունն իրական է, սակայն այն իր հետ չի կատարվել. «Ցավոք, պատերազմն ու մահը այդ ընթացքում այնքան հպանցիկ անցան մեր բոլորի կողքով, որ էսսեն առավել զգայական դարձավ»,- ցավով արձանագրեց Հայկը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայկ Եղիազարյանն արժանացել էր նաև «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնած «Աիդա Ազնավուր-100» անվանական կրթաթոշակի, որը բացառապես տրվեց միայն «Ազնավուր» քոլեջի 5 ուսանողի։
«Ծիլ 2024» մրցույթում Հայկ Եղիազարյանին հաջողություն բերած հեղինակային «Ա՜խ,Արցախ» պատմվածքը ներկայացնում ենք ստորև․
«2 տարի... 2 տարի ողջ ընտանիքով սպասել ենք այդ օրվան՝ սեպտեմբերի 27, որ եղբայրս գա տուն բանակից՝ իր պարտքը հայրենիքին տված։ Գա ու օդում անվերջ պտտվող լարվածությունը չքանա։ Երբեմն, ինձ թվում էր, թե այս 2 տարին չի անցնի, բայց անցավ ու վաղը եղբայրս կգա։
Գիշերն անվերջ էր թվում ու, թե ինչպես եմ քնել, չեմ հիշում։ Արթնացա պայթյունների ձայնից ու հասկացա, որ երանի թե գիշերն անվերջ լիներ՝ չբացվեր այս առավոտը։ Վախ, խուճապ, լաց։ Ամենը խառնվել էր իրար։
Մեր ընտանիքի սպասած օրը եկավ, բայց մորս արցունքներն ուրախության չէին, այլ՝ տխրության։ Չնստեցինք եղբորս գալստյան համար պատրաստած մեծ սեղանի շուրջը, այլ նստեցինք ապաստարանում, աղոթքն առած շուրթերիս։ Հայրս չպարեց հպարտ հայացքով, այլ հպարտ արցախցու հայացքով զենքն առավ ձեռքն ու գնաց կռվելու։ Բաբոս, որ վերջապես պիտի մոռանար Դեդոյիս զոհվելու պատմությունն ու ուրախանար իր թոռան վերադարձով, այժմ խնդրում էր Դեդոյիս, որ եղբորս իր մոտ չտանի ու երանի տալիս նրան, որ չի տեսնում ու զգում այս ամենը։
Եղբայրս, որ պիտի այսօր գար, չեկավ. բերեցին... Բերեցին հերոսացած ու անմահացած։ Ես...Ես հերոսի եղբայր դարձա...
Ու հիմա մեր տունը դատարկ է, ավելի ճիշտ այլևս տուն չկա, այն էլ այրվեց․․․ ու մոխիր դարձավ մի ողջ պատմություն։
Հիմա դու ամենուր ես եղբայր իմ... Հիմա դու կաս առավել, քան երբևէ, իմ հերոս եղբայր։ Հիմա մեր ապրելու իմաստը դու ես՝ իմ քաջ եղբայր։
Արցախ, քեզ իմ եղբոր հետ եմ նույնացնում, իմ ու քո մեջ նրա արյունն է հոսում։ Արցա՜խ, որքան անավարտ կյանքեր ունես դու հանուն նրա, որ դու չունենաս ավարտ։ Արցախ...Ա՜խ Արցախ...»։
Անդրադարձը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Հակոբյանի։