ԵՄԱՊՔ-ի 44-օրյա Արցախյան պատերազմի հերոսները
Ուղիղ մեկ տարի առաջ, սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։10-ին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով մի քանի հազար հայորդիներ ընկան մարտում՝ հերոսի մահով։
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը 44-օրյա պատերամում ունի 4 հերոս․
Գոռ Յարալյան՝ Ռոմանտիկ, երազկոտ, բայց նպատակասլաց Գոռը սովորում էր քոլեջի հարվածային գործիքներ բաժնի 2-րդ կուրսում։ Չօգտվելով տարկետման իրավունքից՝ զորակոչվեց Հայոց բանակ, ծառայում էր Մարտունու Մոնթե Մելքոնյանի անունը կրող զորամասում սկզբում որպես հրետանավոր, հետո՝ հրաձիգ։
Գոռ Յարալյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Էլվիս Իսրայելյան – Քոլեջի շրջանավարտ, բոլորի համար ծայրահեղ հոգատար Էլվիսը ապագա տաղանդավոր դերասան էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում Էլվիսը չէր կարող հայրենիքը վտանգի մեջ թողնել, կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Իր բնույթով անհանգիստ Էլվիսը, ամեն ինչում սիրում էր իր մասնակցությունն ունենալ, կրակի մեջ էլ կնետվեր, միայն թե դիմացինին օգտակար լիներ։ Պատերազմի դաշտում էլ այդպես առաջնորդվեց ու գնաց դեպի գիտակցված մահ։
Գոռ Սարգսյան – Կարեկցող, չափից շատ ընկերասեր ու հոգատար Գոռ Սարգսյանը ձայնային հրաշալի տվյալներ ուներ։ Երազում էր անվանի ու մեծ բեմերի մասին, բայց որքան էլ սիրեր մասնագիտությունը, հայրենիքի հանդեպ սերն ավելի զորեղ էր, նախընտրեց ուսումը կիսատ թողնելով մեկնել ժամկետային ծառայության։
Գոռ Սարգսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Արեն Հովհաննիսյան- Ընկերասեր ու սկզբունքային Արենը սովորում էր քոլեջի Դերասանական արվեստ մասնագիտության 3-րդ կուրսում։ Կիսատ թողնելով ուսումը զորակոչվեց Հայոց Բանակ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո այն շարունակելու ակնկալիքով։
Արեն Հովհաննիսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նրանք ընկան հերոսի մահով, որ մենք այսօր ապրենք ու արարենք` արժանի լինելով նրանց։