«Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» ԵՄԱՊՔ-ի ուսանողները ներկայացան մեծ համերգով
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների «Ժամանակի նորը քո ազգի երաժշտությունն է» խորագրով համերգային ծրագիրը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան):
Համերգասրահի հենց մուտքից, քոլեջի դերասանական արվեստ
մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները, արտիստիկ ու արդեն հայտնի
կոլորիտային կերպարներով հանդիսատեսին հրավիրում էին դեպի ճեմասրահ, որտեղ ցուցադրված
էին «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում,
կոնսերվացում և պահպանում» մասնագիտության ուսանողների բազմաժանր
կտավներն ու ստեղծագործությունները։ Իսկ քոլեջի պարարվեստի բաժնի սաները ներկայացան
ազգային տարրերով պարային գեղեցիկ համարով։
Համերգից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուր մատուցվեց Արցախյան երրորդ` 44 օրյա պատերազմի ընթացքում հերոսի մահով ընկած քոլեջի սաների հիշատակին, ապա նրանց մասին պատմեցին կարճ տեսաֆիլմերը։
Իսկ արդեն երեկոյի երկրորդ հատվածում՝ համերգային երեկոյի ընթացքում, ազգային ու ժողովրդական կատարումներով հանդես եկան քոլեջի սաները, որոնցից շատերի համար այն յուրօրինակ քննություն էր։ Նրանցից շատերն առաջին անգամ էին ելույթ ունենում կենդանի նվագախմբի, հատկապես՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ։ Սակայն, նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի վարպետությամբ քոլեջի սաներն ի ցույց դրեցին կատարողական արվեստում իրենց տաղանդն ու քոլեջում ուսանած գիտելիքները։
Համերգային երեկոյի ավարտին, Երևանի մշակույթի և արվեստի
պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ամփոփելով իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի
ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժոր,
ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանին քոլեջի սաների հետ համատեղ
գեղեցիկ համերգային երեկոյի համար, ապա՝ խոստացավ, որ նման համերգային
համագործակցությունները շարունակական են
լինելու։