ԵՄԱՊՔ-ն «Բաբաջանյան-100» ծրագրով Ստեփանավանում էր
Հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի տոնին
նվիրված, «Գալիքը ուսուցչի ձեռքերում է» խորագրով, Երևանի մշակույթի և արվեստի պետական
քոլեջի ուսանողները բացառիկ համերգով հանդես եկան Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի
անվան մշակույթի պալատում»:
«Բաբաջանյան-100» ծրագրի շրջանակներում կայացած համերգի ընթացքում, ԵՄԱՊՔ-ի «Գործիքային արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտության ուսանողներ, դասախոս, երաժշտախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ, անթերի ելույթներով ու բաբաջանյանական գործերի ուրույն կատարմամբ, գրավեցին ու արժանացան ստեփանավանցիների ջերմ ընդունելությանն ու չդադարող ծափերին:
Կայացած համերգային երեկոյի ընթացքում,
սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
մեծարվեցին նաև ուսուցիչները:
Ստեփանավան համայնքի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի» հետ համագործակցության, երկկողմ հուշագիր կնքելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և ԵՄԱՊՔ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանը արժանացան Շնորհակալագրերի:
«Ուզում եմ երախտիքի խոսք հայտնել իմ ամենահզոր ուսուցիչներին` իմ մայրիկին, ինչպես նաև հայրիկիս, որը երկնքում է։ Իմ հարազատ Կաթնաղբյուր համայնքի չարչարված ուսուցիչներին, Լոռվա տարածաշրջանի և առհասարակ, աշխարհի բոլոր ուսուցիչներին, նրանց մաղթել որպեսզի լինեն առողջ, երջանիկ և հզոր»,- իր շնորհակալական խոսքում ասաց ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վ. Կիրակոսյանն ու անկեղծանալով հանդիսականի հետ շեշտեց. «Մանկավարժ լինելը ոչ թե կոչում է, այլ` առաքելություն, որը տրվում է ի վերուստ: Եթե ի վերուստ որոշված է, որ պետք է մանկավարժ լինես, ապա ուր էլ փախչես անպայման դառնալու ես: Սա ասում եմ իմ սեփական փորձից` արվեստ, իրավաբանական կրթություն, և այլն, բայց այսօր ես ղեկավարում եմ ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է 800 ուսանող և ունենք մոտ 165 աշխատակից: Իսկ ես կարող էի երգել ու ընդհանրապես արվեստով զբաղվել, բայց հավատացե՛ք, չեմ կարողանում, սա իմ խաչն է: Ամենահզոր ուսուցիչը եղել է Հիսուս Քրիստոսը, մենք բոլորս պարտավոր ենք իր նման լինել»:
Համայնքի մշակութային կյանքում ակտիվություն հաղորդելու, հանդիսատեսին նորովի ներկայանալու համար շնորհակալագրի արժանացավ նաև Ստեփանավանի «Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի» տնօրեն Լիլիթ Թունյանը։ Շնորհակալագիրը ստանալուն պես մշակույթի պալատի տնօրենը շնորհավորանքի խոսքեր հղեց ուսուցիչներին․«Սիրելի մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ ուսուցչի օրվա առթիվ, ձեզ քաջառողջություն, ուժ ու կորով, ծով համբերություն՝ սերունդներին կրթելու և դաստիարակելու դժվարին գործում։ Դուք ամենաբարձր գնահատանքին, ջերմ վերաբերմունքին ու խոսքերին եք արժանի»։
Համերգային ծրագրի ավարտին ԵՄԱՊՔ-ի և Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի տնօրենները համատեղ կնքեցին փոխհամագործակցության հուշագիր. «Թող որ այս հուշագիրը լինի միմիայն ի բարօրություն երկկողմ մշակութայի կապերի և մեր երիտասարդության զարգացման համար, ի գործ»,- հուշագրի ստորագրումից հետո ասաց Վ. Կիրակոսյանն ու հավելեց. «Մենք նոր առաքելություն ունենք անելու ոչ միայն Հայաստանի մարզերում այլ նաև աշխարհի տարբեր երկրներում` համագործակցության, կրթական միջավայր ստեղծելով, ինչպես նաև տարբեր մշակութային համաձայնագրեր ստորագրելով: Այդ հարցում չէր կարող անմասն մնալ Ստեփանավանի մշակույթի պալատը, որն ունի ձևավորված հզոր մշակութային ավանդույթ:
Ի դեպ, իմ առաջին օրհնությունը ստացել եմ այս բեմում` ստեփանավանցիների կողմից, երբ 2011 թվականին հաղթեցի «Իքս ֆակտոր» մրցույթը: Շնորհակալ եմ Ստեփանավան քաղաքին, իմ ընկերներին: Իմ մեծագույն շնորհակալությունն եմ հայտնում մշակույթի պալատի նախկին տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանին՝ մշակութապահպան գործունեության համար, որը նա իրականացրել է այս կառույցի պատերից ներս: Այս հաստատությունն ունի ձևավորված հզոր մշակութային ավանդույթներ: Այն սկզբունքային մի կառույց է, որն ունի առաքելություն և այդ առաքելությունն այսօր մեր հաջորդ սերնդի ձեռքերում է»:
Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակութային պալատի տնօրեն Լիլիթ Թունյանն էլ հավելեց. «Շնորհակալ ենք վստահության ու համագործակցության համար, համոզված եմ, որ մեր համագործակցությունը երկարատև կլինի»: