«Ի գործ, մաեստրո ջան»,- «Ազնավուր» քոլեջի և Կոմպոզիտորների միության միջև համագործակցության հուշագիր կնքվեց. տեսանյութ
Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը հյուրընկալվել էր Հայաստանի
կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին։ Հանդիպման ընթացքում երկու հաստատությունների
ղեկավարները համագործակցության հուշագիր կնքեցին։
«Ի գործ, մաեստրո ջան»,- հուշագրի կնքման հաճելի արարողությունն ավարտելուց հետո ասաց Վրեժ Կիրակոսյանը։
«Այսօր Ձեզ հետ համագործակցության հուշագիր ստորագրելն ինձ համար մեծ պատիվ է։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը կնպաստի մեր մատաղ սերնդի մշակութային կրթության դաստիարակությանը»,- շեշտեց «Ազնավուր» քոլեջի տնօրենը։
Փոխադարձ ձեռքսեղմումից հետո Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը վստահեցրեց․ «Մեր համագործակցության շրջանակներում, Կոմպոզիտորների միության կողմից մեծ աշխատանք կտարվի։ Այդ թվում նաև նոր երգեր կգրվեն՝ երիտասարդ կատարողների համար»։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկա 5 տարում։ Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։
Որպես երաժշտարվեստի նվիրյալ, Կոմպոզիտորների միության նախագահը «Ազնավուր» քոլեջի տնօրենին դատարկաձեռն չճանապարհեց․մաեստրոն իր հեղինակած, ինչպես նաև խմբագրած ու բոլորովին վերջերս հրատարակված մասնագիտական արժեքավոր գրականությամբ՝ երաժշտական ուսումնական ժողովածուներով հարստացրեց քոլեջի գրադարանը, որից օգտվում է քոլեջի շուրջ 700 ուսանող։
«Մաղթում եմ, որպեսզի Դուք երկար ղեկավարեք այս կառույցը։ Համոզված եմ, որ Ձեր գործընկերները երկար կվաստեհն Ձեզ այս կառույցը, որովհետև Դուք նվիրյալ եք», հանդիպման ավարտին ասաց քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․