«Ձեր երկիրն այսօր ձեր խոսքի, մտքի կարիքն ունի». Արիան Ասկարիդը հանդիպեց ԵՄԱՊՔ-ի ուսանողների հետ (Տեսանյութ)
«Տաղանդը աշխատանքի 90 տոկոսն է, պետք է շատ աշխատել, շատ ֆիլմեր
դիտել ու գրքեր կարդալ», - ֆրանսիացի դերասանուհի,
սցենարիստ, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակ, ֆրանսահայ
կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի կինը՝ Արիան Ասկարիդն
այս խորհուրդներով սկսեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների
հետ հանդիպումը։
Դերասանուհին Հայաստանում էր ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնած «Դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակներում, իսկ ԵՄԱՊՔ էր այցելել «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների հետ դերասանուհին կիսվեց կինոյում, թատրոնում ու սցենարական ոլորտում ունեցած իր հարուստ փորձով և վարպետությամբ։ Իսկ փառքի հասնելու ճանապարհին վաստակած մրցանակների մասին խոսելիս՝ տիկին Ասկարիդը ժպիտով մտաբերեց Վենետիկյան փառատոնում արժանացած մրցանակը եւ ասաց. «Մրցանակ ստանալը 30 վայրկյան երջանկություն է, իսկ հետո կասկածները նորից վերադառնում են։ Այս մասնագիտության մեջ պետք է անընդհատ կասկածեք, պետք չէ լինել վստահ, որ ինչ անում եք հանճարեղ է, միշտ կարող եք ավելի լավն անել»։
Անդրադառնալով հայազգի լեգենդ, շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ տիկին Ասկարիդը շեշտեց. «Ազնավուրը հիանալի արտիստ էր, այն ամենն, ինչ արել է Հայաստանի համար, ուղղակի հրաշալի է։ Եվ վերջապես, նրա շնորհիվ է, որ մենք այսօր հնարավորություն ունեցանք հանդիպելու»,- ուրախությամբ արձանագրեց դերասանուհին ու հավելեց. «Ինքներդ եղեք ձեր ճակատագրի տերը, համեստ մի եղեք, այլ եղեք համառ, բարձրաձայնեք այն մասին, ինչը կարևոր եք համարում։ Խոսեք ձեր ժամանակի, ձեր իրականության միջից, ինչը արտաքին աշխարհին հնարավորություն կտա հասկանալու այսօրվա Հայաստանը։ Պետք է բոլորին ցույց տաք, որ դուք կաք, գոյություն ունեք, որ ունեք սիրտ, որը շատ ուժեղ է բաբախում։ Ֆրանսիայում սիրում են հայկական ավանդական պարերը, բայց չէ որ դուք ամբողջ օրը քոչարի չեք պարում, դուք ձեր մասին պատմելու շատ բան ունեք: Օրինակ, այն ամենի մասին, ինչ հիմա է տեղի ունենում՝ ինչպիսին է ձեր երիտասարդությունը, ձեր վերաբերմունքը աշխարհին, ձեր ցանկությունները, մտքերը… Այսօր ձեր երկիրը ձեր խոսքի, մտքի կարիքն ունի։ Այ, Շառլ Ազնավուրը հենց դա կուզեր»։
Ֆրանսիացի դերասանուհին տասնօրյա այցի ընթացքում Հայաստանի առջև ծառացած շատ խնդիրներ է նկատել, ինչի մասին կիսվեց ԵՄԱՊՔ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Չնայած ես չեմ ապրում այս երկրում, չեմ կարող ասել, թե ամենայն մանրամասնությամբ զգում եմ բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր դուք հաղթահարում եք, բայց այս տասն օրերի ընթացքում հասկացա, թե որքան դժվար է այստեղ կյանքը, թե ինչպես են պատերազմի հետևանքներն արտացոլվում յուրաքանչյուրիդ կյանքի վրա։ Թույլ մի տվեք, որ ձեզ ոչնչացնեն, թույլ մի տվեք, որ այս ամենը ձեզ կոտրի։ Դրա համար եմ ասում, որ պետք է բարձրաձայնեք այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում այստեղ՝ ֆիլմեր նկարահանեք, գրքեր գրեք։ Կարծում եմ՝ բարդ ու դժվարին ժամանակներում պետք է միշտ շրջվել դեպի արվեստը։ Ինչու եմ այս ամենն ասում, քանի որ շատ կարևոր է, որ սփյուռքն անընդհատ չասի, թե դուք ինչ-որ մարդիկ եք, որոնց պետք է օգնել։ Դուք չպիտի լինեք այն իրավիճակում, որ ձեզ անընդհատ ինչ-որ մեկը օգնի, հատկապես՝ սփյուռքը»,- իր եզրափակիչ խոսքում ասաց ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը։
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ուսանողների հետ բացառիկ հանդիպման ու մասնագիտական հարուստ փորձով կիսվելու համար՝ շնորհակալություն հայտնեց տիկին Ասկարիդին եւ բարի գալուստ մաղթեց ԵՄԱՊՔ մեծ ընտանիք. «Մեր քոլեջը մի ընտանիք է, որտեղ կրթություն է ստանում 650 ուսանող՝ արվեստի տարբեր ոլորտներում։ Վստահ եմ՝ մենք Հայաստանում ունենք լուրջ երիտասարդ սերունդ, ովքեր ունեն հսկայական մշակութային պոտենցիալ։ Մենք ճանապարհներ կգտնենք այդ պոտենցիալը ռեալիզացնելու։ Իսկ վերածնունդ անպայման ապրելու ենք, ես վստահ եմ։ Այնպես որ, բարի գալուստ մեր տուն, մեր դռները միշտ բաց են։ Ցանկացած առիթով Հայաստան գալիս՝ իմացեք, որ սիրով կսպասենք ձեզ»,- ասաց Վ. Կիրակոսյանը։
Հանդիպման ավարտին քոլեջի արական երգչախմբի կողմից փոքրիկ անակնկալ մատուցվեց ֆրանսիացի դերասանուհուն՝ «Գոզալս խռովել է» և «Հորովել» ստեղծագործությունների ակապելլա կատարմամբ:
«Հիանալի կատարում էր, ափսոսում եմ, որ Սիմոնը (նկատի ունի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարին) այստեղ չէ»,- կատարումներից տպավորված ասաց Արիան Ասկարիդն ու հավելեց. «Ամեն անգամ «Հորովելը» լսելիս Սիմոնը հուզվում է։ Միշտ մտածել եմ, որ հայերն իրենց սրտում ունեն շատ գեղեցիկ երաժշտություն, բոլորը հոգու խորքում հիանալի երաժիշտներ են»,- փաստեց ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը։
Հանդիպման մանրամասները դետե՛ք տեսանյութում․