ԵՄՊՔ ուսանողներն այցելեցին Անդրանիկ Քոչարի լուսանկարչության տուն-թանգարան
ԵՄՊՔ «Լուսանկարչական գործ» մասնագիտության
երրորդ կուրսի ուսանողներն այցելեցին Անդրանիկ Քոչարի լուսանկարչության տուն-թանգարան:
«Թանգարանը փոք-ինչ սուղ պայմաններով էր, բայց կարևորը մեծ սրտով և անսահման ոգեշնչող տրամադրությամբ լեցուն։ Մեզ դիմավորեցին Վահան Քոչարը՝ Անդրանիկ Քոչարի որդին, և նրա թոռնիկը՝ փոքրիկ Վահանը։ Վահան Քոչարը խոսեց հոր սկսած և իր կողմից ավարտին հասցված գրքի մասին՝ «Հայ լուսանկարիչներ» վերնագրով: Հոր մահից հետո իր պարտքն էր համարել ավարտին հասցնել աշխատանքը: Ավարտելով դա` սկսել է մի նոր նախագիծ. տեղեկություններ և հեղինակային լուսանկարներ է հավաքում ամբողջ աշխարհի հայ լուսանկարիչներից։ Այն հարցին, թե արդյոք կտպագրվի, բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ դա կապված է բավական մեծ գումարների հետ, բացի այդ այն խիստ մասնագիտական է և լայն տարածում չի ստանա հանրության շրջանակում: Ցանկություն ունի այն ներկայացնել օնլայն գրադարաններում: Թանգարանը դարձել է նրանց տան մի հարազատ մասնիկը , այնտեղ են նշել Ա.Քոչարի 100 ամյակը, ինչին էլ նվիրված էր թանգարանի բացումը։ Թոռնիկը հավելեց, որ պապիկի 71 ամյակը նույնպես այստեղ են նշել։ Պարոն Քոչարն անգամ կատակեց. «Տանեցիներին հերթով նկուղներում եմ տեղավորելու, թանգարանը ավելի մեծացնեմ, ցուցադրելու շատ բաներ կան»:
Մեր այցից անչափ ուրախ էր և ոգևորված, անթիվ հետաքրքիր պատմություններ լսեցինք և' ծիծաղաշարժ, և' նույնիսկ փոքր-ինչ տխրեցնող»,- պատմում են ուսանողները: