ԵՄՊՔ-ում անցկացվեց բաց դաս` «Հայերենը և «հայերենը»» խորագրով
«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայի դասախոս Ս․Վանյանի հերթական նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս, որը կրում էր «Հայերենը և «հայերենը»» խորագիրը։ Բաց դասի մասնակիցները «Ռեժիսուրա» 2-րդ կուրսի ուսանողներն էին։
Դասի նպատակն էր վերստին արժևորել մայրենի լեզվի կարևորությունն ու արդիականությունը՝ վեր հանելով հայերենը աղտոտող այն հիմնական գործոնները, որոնց անմիջական ազդեցությամբ լեզուն դարձնում ենք աղճատված ու թերի։
«Գրաբար», «միջին հայերեն» և «աշխարհաբար» անվանումները կրող խմբերից յուրաքանչյուրը նախ ներկայացրեց տվյալ շրջանի լեզվի զարգացվածության մակարդակն ու արժեքավոր իրադարձությունները, ապա փորձեցին գտնել տրված բառերի գրական համարժեքները, բառագործածության սխալ ձևերը, ժարգոնային բառապաշարին բնորոշ արտահայտությունները վերածեցին գրական հայերենի և այլն։
Առաջադրանքներից մեկն էլ վերաբերում էր այսպես կոչված «լատինատառ հայերենի» գրությանը, ինչը մեր օրերի անգրագիտության ու անտարբերության խթանման մեծագույն չարիքներից մեկն է։
Դաս-ցերեկույթը ամփոփվեց հայոց լեզուն գովերգող բազմազան ասույթներով ու հատընտիր բանաստեղծություններով։