Հայտնի են «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնողների անունները
March 14, 2018 at 6:17 pm
Գրեթե մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթում Հայաստանն այս տարի իր երկրի մասնակցին` մեծերի եւ փոքրերի տարիքային խմբում, կընտրի ազգային մրցույթի արդյունքում: Հայաստանյան նախընտրական մրցույթի անցկացումը պաշտոնապես վստահվել է Երեւանի մշակույթի պետական քոլեջին:
Հայաստանն արդեն ընտրել է իր պատվիրակներին, ովքեր հուլիսի 10-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կներկայացնեն մեր երկիրը «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթում: Մի քանի օր տեղի ունեցած լսումներից հետո հայաստանյան ժյուրին բարդ ընտրության առաջ էր կանգնած: Նախ մարտի 4-5-ը կայացավ մանկական անվանակարգում շուրջ 30 հայտ ներկայացրած մասնակիցների լսումները, որոնցից մանկական ժյուրին` ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը ընտրեց մեկին: Այսպիսով` մրցույթում մանկական անվանակարգում մեր երկիրը կներկայացնի 10-ամյա ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որը թեպետ ծնվել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին բնակվում է Ուկրաինայի Խարկով քաղաքում: Փոքրիիկ Աննան մասնակցություն է ունեցել բազմաթիվ մրցույթների, իսկ վերջերս` ուկրաինական «Ձայնը» մանկական նախագծին:
Իսկ արդեն մարտի 6-ին եւ 12-ին կայացավ մրցույթի երիտասարդ կատարողների անվանակարգում նախընտրական փուլը, որտեղ հայտ ներկայացրած շուրջ 40 մասնակցից հայաստանայն ժյուրիի` «Նոր ալիք 2010» երգի միջազգային մրցույթի հաղթող, սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանի ընտրությունը կանգ առավ Կոտայքի մարզի Արամուս գյուղից 27-ամյա ՎՈԼՈԴՅԱ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ վրա, ով նույնպես բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից է:
Մրցույթի մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (iravunk.com)