Ինչ իմանայի, որ հետո պիտի մտերմանայինք ու գրքեր գրեի Ազնավուրի մասին․ Սամվել Գասպարյան
«1989 թվականի փետրվարն էր, երբ երկրաշարժից հետո Ազնավուրը
երկրորդ անգամ պիտի այցելեր Հայաստան։ Ընկերոջս հետ գնացել էինք օդանավակայան` Շառլ
Ազնավուրին գոնե հեռվից տեսնելու մտքով։ Բայց, ինքնաթիռը 10-12 ժամ ուշացավ։ Այդ ընթացքում
մենք ծանոթացանք ֆրանսիական հեռուստատեսությունից լրագրողների հետ, որոնք եկել էին
Ազնավուրի այցը լուսաբանելու։ Եվ, ճակատագրի նախախնամությամբ, երեկոյան Շառլ Ազնավուրի
հետ հայտնվեցինք մի սեղանի շուրջ՝ ընթրելու։ Ինչ իմանայի, որ հետո պիտի մտերմանայինք
ու գրքեր գրեի իր մասին»,- Երևանի Շառլ
Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը մտաբերեց
«Արեգ» հրատարակչության հիմնադիր տնօրեն, լրագրող, թարգմանիչ, աշխարհահռչակ շանսոնյե
Շառլ Ազնավուրի գրքերի ու մոտ 500 երգերի թարգմանիչ
Սամվել Գասպարյանը։
Խոսելով Ազնավուրի մեծության մասին Ս․ Գասպարյանը հռետորական հարցով դիմեց ուսանողներին․ «Մենք ասում ենք, թե նա մեծ հայ էր, իսկ ո՞վ է մեծ հայը, ի՞նչ չափանիշով ենք ընտրում մեծ հային։ Գիտեք, իմ կարծիքով մեծ հայը նա է, ով աշխարհին ավելի շատ ճանաչելի է դարձնում իր ազգին»,- ասաց Գասպարյանն ու համեմատական անցկացնելով այլ մեծանուն հայերի հետ շարունակեց․ «Օրինակ, մի անգամ ինձ մի աստղագետ ասաց՝ Վիկտոր Համբարձումյանը շատ մեծ գիտնական է, բայց եթե երկու հազար տարի հետ գնանք, կտեսնենք, որ նրա նման գիտնական չենք ունեցել։ Իսկ, եթե երկու հազար տարի առաջ գնանք՝ չգիտենք, կունենա՞նք, թե՝ ոչ։ Այ, այդպիսի մեծություն էր Վիկտոր Համբարձումյանը, բայց նա մեր ազգին այդքան ճանաչելի չի դարձրել, որքան Շառլ Ազնավուրը։ Ուստի՝ ինձ համար Ազնավուրն ավելի մեծ հայ է, քան Վիկտոր Համբարձումյանը։ Կամ՝ շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ավելի մեծ հայ է, ում շնորհիվ ամբողջ աշխարհը շախմատ էր նայում և ասում՝ այս մարդը հայ է»։
Ըստ Սամվել Գասպարյանի, Շառլ Ազնավուրի թողած գլխավոր պատգամն էր․ «Երբե՛ք չհիասթափվել, որովհետև անհնարին ոչինչ չկա: Ազնավուրը սա ապացուցեց իր օրինակով»,- ուսանողներին ասաց Գասպարյանն ու դիտարկեց․ «Ազնավուրը, երևի, այն միջազգային մասշտաբի եզակի մարդկանցից է, որ նպատակ դրեց և հասավ դրա գագաթնակետին: Պետք է համառորեն գնալ նպատակիդ հետևից և անպայմանորեն կհասնես»,- Շառլ Ազնավուրի պատգամով ավարտեց Սամվել Գասպարյանը:
Ի դեպ, «Ազնավուր» քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը Սամվել Գասպարյանը դատարկաձեռն չէր եկել։ Քոլեջին նվիրեց իր թարգմանությամբ Շառլ Ազնավուրի գրքերը, այդ թվում նաև վերջերս հրատարակված գրքերից, որոնք հարստացրեցին քոլեջի գրադրանը։
Հանդիպման Լուսանկարները այստեղ․