«Ազնավուր» քոլեջն ու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր կնքեցին
Վերջերս, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում,
ուր ռեստավրացիայի է ենթարկվում Հայաստանի պատմամշակութային գրեթե ողջ ժառանգությունը,
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների
վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողները, մասնագիտական առարկաներ դասավանդող
դասախոսների ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց ունեցան։
Քոլեջի ուսանողների համար կենտրոնի փորձառու ու բանիմաց մասնագետները նախ դասախոսության, ապա տեսական ու գործնական աշխատանքների միջոցով տեղում ներկայացրին սպեցիֆիկ համարվող մասնագիտության աշխատանքային նրբություններին, ինչպես նաև աշխատանքային էթիկայի առանձնահատկություններին, մասնագիտության կարևորությունն ու նշանակությունը։
Հանդիպման ավարտին Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր կնքեցին։
Կողմերը, քննարկելով հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան կարճ ժամանակահատվածում։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, Ազնավուր քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողները, հնարավորություն կունենան իրենց ուսումնական և մասնագիտական պրակտիկան անցկացնել գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում։
Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալյոնա Այվազյանի։
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Հակոբյանի։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․