ԵՄԱՊՔ-ում կրթությունը կհամապատասխանեցվի միջազգային բաղադրիչին․ Վրեժ Կիրակոսյան
2020 թվականի սեպտեմբերի 9-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի մշակույթի պետական և Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջները միավորվեցին։ Ամիսների բարդ պայքարի ու ընտրության արդյունքում մարտի 24-ին վերակազմավորված Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն ընտրվեց Վրեժ Կիրակոսյանը։ Առաջիկա 5 տարիներին, թե ի՞նչ ռազմավարությամբ ու մշակութային քաղաքականությամբ է պատրաստվում Վ. Կիրակոսյանը ղեկավարել ուսումնական հաստատությունը, փորձեցինք պարզել նրա հետ զրույցում:
- Ողջ հանրությունն է տեղյակ, թե ինչպիսի թոհ ու բոհերի միջով անցանք։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին, ովքեր քվեարկեցին իմ օգտին և 5 տարով ինձ վստահեցին այս ուսումնական հաստատության ապագա կառավարումը։ Եթե այս ոլորտում անելիք չունենայի, հաստատ ինքս կհեռանայի և իմ թեկնածությունը չէի էլ առաջադրի, բայց, կային կիսատ արված աշխատանքներ, նպատակներ, երազանքներ, որոնք պետք է անպայման ավարտին հասցնեմ։ Կարծում եմ, որ բավականին երիտասարդ եմ ու ունեմ ժամանակ այդ ամենը հասցնելու իր տրամաբանական շարունակությանը։ Ոչ ոք ցմահ ինչ-որ մի տեղում չի լինում, բայց կա մի կարևոր գաղափար, որ երբեք գործը կիսատ չպետք է թողնել, հատկապես, երբ կրթության, մշակույթի ու արվեստի բնագավառում ես և սկսել ես այնպիսի կետից, որտեղ կլինի ստեղծագործական պայթյուն։ Այ, դրանից հետո կվայելես չարչարանքիդ ապաշխարանքը։
- Որպես երգիչ, ոլորտում ունեք Ձեր տեղը, ինչո՞ւ Ձեր կարիերան կերտելու, մեծ բեմերի փոխարեն՝ ընտրեցիք սերունդներ կրթելու բարդ ճանապարհը։
- Մանկավարժությունն ինձ ճակատագրորեն տրված առաքելություն է։ Ծնողներս մանկավարժներ են և գրեթե ողջ կյանքում ծառայել են սերունդներ կրթելուն։ Դա կարծես խաչ է, որը հաջորդաբար վերցրած գալիս ենք։ Մեծամտություն թող չլինի, բայց այն արտիստն եմ, որ շատ երիտասարդ տարիքում հնարավորություն ստացավ և աշխատեց համաշխարհային «Sony Music» և «Universal» ընկերությունների հետ։ Վերջերս էլ Բելառուսում ինձ առաջարկեցին մնալ իրենց երկրում, ասացին՝ պատրաստ ենք ձեր ամբողջ ընտանիքին ընդունելու և ձեր նման մասնագետին հնարավորություն տալ, որ մեր արվեստով ու մշակույթով զբաղվեք։ Գիտեք, վերջին 14 տարիներից սկսած մինչև այսօր ունեցել և ունեմ հնարավորություն ավելի լավ պայմաններով օտար երկրներում ապրելու ու աշխատելու, բայց, չգիտեմ ինչու, չեմ կարողանում թողնել իմ երկիրը, իմ հողն ու ջուրը ու գնալ ավելի ապահովված կյանքի։ Ինձ համար կան կարևոր կետեր, որոնք ավելին են, քան շատ դյուրին ճանապարհները։ Բացի այդ, երկրում ստեղծված այս իրավիճակում, որ բոլոր ոլորտներում ճգնաժամ է ու հետընթաց, հային վայել չէ թողնել հայրենիքն ու հեռանալ՝ ասելով, թե ինչ-որ քաղաքական կամ անձնական ամբիցիաներից ելնելով մարդիկ չեն ուզում ինձ տեսնել այն բնագավառում, որին հասել եմ երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Եթե անգամ գնայի, հետո հաստատ ինձ կմեղադրեի, թե անելիք ունեի, ինչո՞ւ չմնացի, ինչո՞ւ չպայքարեցի, թեկուզ թող չստացվեր։ Սա Աստծո նախախնամությամբ ինձ տրված գործ է, ես անելիք ունեմ դեռևս, քանի որ իմ սիրելի ուսուցչուհին՝ Նադեժդա Սարգսյանն, ինձ օրհնել է այս գործում և ճանապարհ տվել։ Թեպետ, նա եղել էր պատգամավոր, բայց ընդհանրապես քաղաքականացված անձ չէր, նա մշակութային մեծություն էր՝ հայ երաժշտարվեստում, ով ինձ ու ինձ նախորդող ու հաջորդող սերունդներ է կրթել։ Նրա դպրոցը, որը կա հայ էստրադայում, երաժշտարվեստում, փորձում եմ պահպանել։ Մենք հաճախ էինք զրուցում և կյանքում չեմ մոռանա մեր վերջին զրույցը, որն ինձ համար փարոս է։ Նա ինձ ասաց. «Դու պետք է քոնը ստեղծես, անես ինչ-որ մի նոր բան։ Եթե մնաս Նադյայի ստեղծած ոճով, դպրոցով, երեխաներով, անընդհատ կմնաս նույն տեղում։ Պետք է մտածես ու հաջորդիվ նոր բան անես, որպեսզի հաջորդ աստիճանը բարձրանաս։ Խորհուրդս է՝ վերցրու տաղանդավոր երեխաների ու առաջ շարժվիր։ Մինչ այս դու իմ տեղակալն ես եղել, իսկ հիմա այդ ուսումնական հաստատության ղեկավարն ես, մեծ առաքելություն ես ստանձնել՝ սերունդներ կրթելու գործում»։ Այս խոսքերը երբեք չեմ մոռանա, նա ինձ ասաց՝ դու պետք է մնաս ու պայքարես։ Կարծես մարգարե լիներ։ Մի հարցի շուրջ զրույցի ժամանակ ասաց՝ կլինի այսպես ու դու պետք է պայքարես և հաղթես։ Ես միամտորեն ասացի՝ բայց այդպես չի լինի, Նադ, ասաց՝ կլինի, և այդպես էլ եղավ։ Այնուամենայնիվ, ես համաձայնում եմ այն փաստի հետ, որ սա առաքելություն է՝ ի վերուստ նախախնամված, որից ոչ մի տեղ չես փախչի։
- 2020-2021 ուսումնական տարին արդեն անցյալում է, ի՞նչպիսի մեկնարկ է լինելու ԵՄԱՊՔ-ում՝ 2021-2022 ուսումնական տարին։
- Ասեմ որ 2020-2021 ուսումնական տարին ինձնով չի սկսվել, քանի որ երկու քոլեջների միաձուլումը եղավ 2020 թվականի սեպտեմբերին։ Փաստացի, ընտրվեցի մարտի 24-ին, իսկ արդեն ապրիլի 5-ից ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվեցի՝ որպես քոլեջի տնօրեն։ Այսինքն, ուսումնական տարին ավարտվում էր ու հնարավորինս փորձեցինք իմ պատկերացրած որոշակի մեխանիզմները կիրառել, որոնք կամաց-կամաց ներդրվում են ուսումնական պլաններում։ Ամենակարևորը, որ ընդունելության մեկնարկը բավականին ճիշտ տվեցինք և բոլոր քննությունների տարբերակված գործընթացներին ես մասնակից եղա։ Արձակուրդ չեմ մեկնել և հատուկ ձեռքս զարկերակին եմ պահել, որ ընդունենք շնորհալի ու տաղանդավոր ուսանողներ, քանի որ մեր ուսումնական հաստատությունն ինդիվիդուալ է, ոլորտային և ունի իր առանձնահատկությունը։ Մեր քոլեջի ուսանող կարող է դառնալ այն դիմորդը, ով շնորհալի է կամ տաղանդավոր։ Ընդունելության քննությունների շեշտը դրա վրա էի դրել։
Թեպետ իրավունք ունեինք քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրել քննական հանձնաժողովի նախագահներին, բայց պրոֆեսիոնալ հանձնաժողով հավաքեցի՝ հրավիրելով ոլորտի լավագույն մասնագետներին։ Օրինակ, Դերասանական արվեստ մասնագիտության հանձնաժողովում նախագահեց ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, էստրադային արվեստում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, գործիքային արվեստում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը։ Շնորհակալ եմ նրանց, քանի որ հրաշալի քննություններ ունեցանք։
Կային մասնագիտություններ, որտեղ մեկ տեղի համար պայքարում էր 3-4 դիմորդ, և մենք ընտրեցինք լավագույններին։ Կային տեղեր, որ կարող էինք ուղղակի ուսանողների համալրել՝ քանակ ապահովելու նպատակով, բայց ես դեմ էի։ Կտրեցինք շատ ուսանողների և դրա պատճառով նույնիսկ թափուր տեղեր ունեցանք։ Եթե երեխան բազմաշնորհ չէ, չունի տաղանդ, ապա նա մեր քոլեջը չպիտի ընտրի։ Այո, պետությունը պետպատվերի համակարգում բավականին տեղեր է տվել մեզ, շնորհակալ եմ ԿԳՄՍՆ-ին, բայց հատկացված տեղերն ինքնանպատակ օգտագործելու իրավունք չունենք՝ ուղղակի քանակ ապահովելու նպատակով։ Մեզ պետք են այնպիսի ուսանողներ, որոնք վաղը մեր երկրի արվեստի, մշակույթի բնագավառում ապագա կունենան։
- Ասացիք ուսումնական պլաններում նոր մեխանիզմներ են կիրառվում, մի փոքր կմանրամասնե՞ք։
- Արձակուրդներին հանգստի չենք մեկնել ու բոլոր ուսումնական պլանները վերանայել ենք։ Անընդհատ ամբիոնի նիստեր եմ արել, հրավիրել եմ ամբիոնի հատուկ մասնագիտական առարկաների դասախոսներին։ Չնայած նրանք արձակուրդում էին, խնդրել եմ, որպեսզի աշխատեն այդ ծրագրերի վրա և բավականին մեծ փոփոխություններ ենք արել։ Ուսումնական պլանները փուլային տարբերակով հնարավորինս փորձում ենք համապատասխանեցնել միջազգային կրթական ստանդարտների, որպեսզի կարողանանք նաև լուծել որակյալ կրթության և պահանջարկ ունեցող մասնագետներ տալու խնդիրը։ Մեր ուսումնական մասը ուսումնասիրել է և՛ Եվրոպայի, և՛ հետխորհրդային երկրներում տվյալ մասնագիտություններով բուհական և ակադեմիական կրթության ուսումնական պլանները։ Պիտի ասեմ, որ տարբեր միջազգային կրթական հաստատություններից բերված ուսումնական պլանները, համադրելով մեր ունեցածի հետ, արդյունքում օրենքի սահմաններում փոփոխելով՝ դեռևս չափորոշիչները հղկվում են, որպեսզի լավագույնը դարձնենք:
- Արդեն մեկ տարի երկու քոլեջները միաձուլվել են, բայց շատերի գիտակցության մեջ այն դեռ չի նստել, ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել՝ այդ միաձուլման պրոցեսում։
- Ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Երբ ընտրվեցի, աշխատակազմի հետ հենց առաջին ժողովի ժամանակ ասացի, որ մեր ու ձեր ուսանող, աշխատակից տարանջատումներ չպետք է լինեն։ Երկու ուսումնական հաստատությունների միացումն անցնցում է եղել՝ աշխատակազմի հատվածում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ միացման գործընթացը սկզբնավորող ժամանակավոր պաշտոնակատարին, և՛ գործընթացը շարունակողին՝ մինչև տնօրենի ընտրությունն այդ պրոցեսն անցնցում տանելու համար։ Գրեթե բոլորն առանց աշխատանքի չմնացին, բոլորին հնարավորինս ապահովել են դասաժամերով։ Իհարկե, ԿԳՄՍՆ-ն ի սկզբանե այլ կերպ էր տրամադրված, որ բոլորի աշխատանքային պայմանագրերը պետք է զրոյացվեն և եկող տնօրենը որոշեր, թե ում հետ պետք է աշխատի։ Բայց ընտրվեց ավելի ողջամիտ տարբերակ, անցում կատարվեց համաձայնագրերով՝ բոլորի աշխատանքային իրավունքները դադարեցվեց համաձայնագիր կնքելով, պայմանով, որ կշարունակեն իրենց աշխատանքը՝ նոր ստեղծվելիք ուսումնական հաստատությունում։ Արդյունքում, երկու կոլեկտիվները շարունակում են աշխատել քոլեջում՝ նախկին տնօրեններով, փոխտնօրեններով, կադրերով, հաշվապահներով, ուսումնական մասերով։ Իսկ ուսանողների մասով էլ մի հետաքրքիր քաղաքականություն օգտագործեցինք։ Ըստ մասնագիտությունների, խառնեցինք բոլոր խմբերն ու բաշխեցինք, որպեսզի չլինեն իմ ու քո ուսանող հասկացությունը։ Հիմա չկա այդ տարանջատումը, արդեն գնում ենք գլոբալիզացման, դեմոկրատ վիճակի։
- Քոլեջն, ի վերջո, ե՞րբ կանվանափոխվի լեգենդար Շառլ Ազնավուրի անունով։ Կա ՀՀ կառավարության որոշում և կա Ազնավուր ընտանիքի համաձայնություն, ի՞նչն է խանգարում այն իրականացնելու համար։
- Հիմա ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև հուշագրի ստորագրման գործընթացի փուլում ենք, որն արդեն հնարավորություն կտա քոլեջը անվանակոչման ավարտին հասցնելու։ Որքանով, որ տեղյակ եմ՝ ԿԳՄՍՆ-ն արդեն շրջանառում է համատեղ հուշագրի ստորագրման տարբերակը։ Վստահ եմ, որ մոտակա երկու ամսում անվանակոչման գործընթացն ավարտված կլինի։ Դրանից հետո քոլեջն այլ հարթակում կհայտնվի։ Ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ նավն ինչպես անվանես, այնպես էլ այն կլողա։ Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի լեգենդներից է, ում արվեստը երբեք չի մահանա։ Նման ուսումնական հաստատությունն արժանի է, որ ունենա այդ դրոշը։ Քանի որ ի սկզբանե եղել է Ազնավուր ընտանիքի համաձայնությունը, վստահ եմ, որ անվանակոչելուց հետո կլինի համագործակցություն՝ «Ազնավուր» կենտրոնի հետ, որը կծառայի ապագա սերունդների մշակույթի, կրթության զարգացման գործին։
- Գիտեմ, որ չեք սիրում խոսել անելիքների մասին, այլ նախընտրում եք արված աշխատանքները ներկայացնել, բայց մինչև տարեվերջ ի՞նչ ծրագրեր կան իրագործելու՝ քոլեջի հետ կապված։
- Ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղա մի քանի նախագծերի իրականացման։ Նախ, հունիսի 18-ին Ա. Բաբաջանյան համերգասրահում մեր քոլեջի ուսանողները հրաշալի համերգ ունեցան՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ, մաեստրո Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։ Այն մեծ հնարավորութուն էր ուսանողների համար, քանի որ գուցե նրանցից շատերն էլ հնարավորություն չունենան նվագախմբի հետ ելույթ ունենալ։ Մաեստրո Դավթյանն էլ ուրախությամբ ընդունեց առաջարկը՝ ասելով, որ նման բան դեռ չի եղել։ Իհարկե, ճիշտ կազմակերպված փորձերի արդյունքում հրաշալի համագործակցություն ունեցանք, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում մաեստրոյին, ողջ նվագախմբին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիային։
Ինչպես նաև աշխատեցի Առնո Բաբաջանյան նախագծի վրա, քանի որ այս տարի լրանում է Բաբաջանյանի 100-ամյակը։ Բաբաջանյան ֆոնդի կողմից ինձ վստահվել է Բաբաջանյանի 100-ամյակի միջոցառումների տարածաշրջանի պրոդյուսերը լինել։ Մենք փայլուն համերգային ծրագիր ունենք, պարզապես համավարակի անընդհատ սահմանափակումները խոչնդոտում են։ Բայց, սեպտեմբեր ամսից կսկսենք հրաշալի համերգային միջոցառումներ ոչ միայն Երևանում, այլ նաև պայմանավորվածություն ունենք մոտակա քաղաքներում՝ Էջմիածնում եւ Աբովյանում, ապա կշրջենք նաեւ Սյունիք եւ Լոռու մարզերում՝ ներկայացնելով «Բաբաջանյան-100» ծրագիրը:
Քոլեջը նաև մասնակցեց Երևանում Ջազի օրերին, հրաշալի համերգներ ունեցանք։ Տարբեր ծրագրեր, համերգներ ու միջոցառումներ կան պլանավորած, որոնք շարունակական կլինեն քոլեջում։ Շուտով կմեծացնենք մեր համագործակցությունն այլ ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների հետ, որպեսզի մեր ուսանողներին լսարանային կրթության հետ մեկտեղ հաղորդակից դարձնենք կենդանի արվեստին, որտեղ գործնականում մշակույթ է իրականցվում, որպեսզի զուգահեռ կրթությունը, գործնականն ու տեսականն իրար հետ արդյունք տան։
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում ձեռնամուխ ենք լինում ուսանողական թատրոնի ստեղծմանը։ Սեպտեմբերին այն իր իրավաբանական հաստատումը կունենա, որից հետո նախատեսում ենք հոկտեմբերին ունենալ թատերաշրջանի բացում։ Իհարկե, այն ոչ միայն մեր քոլեջում, այլ նաև արտաքոլեջային նշանակություն կունենա։ Այնպիսի թիմ է հավաքված այդ գաղափարի շուրջ, որ վստահ եմ՝ թատրոնի ստեղծմամբ հզոր ծրագրեր ենք կյանքի կոչելու և միանշանակ հաջողություններ ենք գրանցելու։
Ի դեպ, ամիսներ առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը, որի հետ համատեղ հուշագիր ստորագրեցինք։ Եվ, վերջերս նա զանգահարեց ու հայտնեց, որ այցելելու ժամանակ տեսել է, որ քոլեջը վերանորգման կարիք ունի ու վերադառնալով Ֆրանսիա՝ ներկայացրել է համայնքի բարերարներին, նրանք էլ քոլեջի դահլիճի վերանորոգման համար պատրաստ են ֆինանսապես աջակցել։ Արդեն նախահաշիվ ենք ներկայացրել, հիմա ընթացքի մեջ է։ Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք փորձում ենք հնարավորինս հեշտ ու արագ կազմակերպել, որպեսզի շուտ կապիտալ վերանորոգենք դահլիճը և հանձնենք ուսանողներին։ Լիահույս եմ, որ թատերաշրջանի բացումը կանենք արդեն վերանորոգված դահլիճում։